ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը, որը հունվարի 20-ին կստանձնի պաշտոնը, հայտնել է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու մտադրություն: Բայդենն Օբամայի նախագահության շրջանի փոխնախագահն էր, երբ Վաշինգտոնն Իրանի հետ կնքեց հայտնի պայմանավորվածությունն ու թուլացրեց պատժամիջոցները: Թրամփը հրաժարվեց համաձայնագրից, խստացրեց պատժամիջոցները, ասելով, թե համաձայնագիրը չէր արտացոլում ԱՄՆ շահը:

Ջո Բայդենը կարծում է, որ Իրանի միջուկային սպառազինության տեր դառնալու պարագայում միջուկային զենքի կձգտեն ռեգիոնալ այլ երկրներ: Ըստ նրա, կստեղծվի իրավիճակ, երբ միջուկային զենքի կձգտեն Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսն ու այլ երկրներ: Այլ կերպ ասած, Բայդենը ակնարկում է, որ Իրանի միջուկային սպառազինության դեպքում այդ երկրները կստանան այդպիսի սպառազինություն ունենալու լեգիտիմ իրավունք:

Չի բացառվում, որ Սպիտակ տան մոտ ապագայի ղեկավարը ակնարկում է Թեհրանին, որ արժե գնալ պայմանավորվածության, այլապես Իրանը կարող է ստանալ միջուկային զինանոցով ոչ բարեկամ երկրների ամբողջություն: Իհարկե այստեղ հարց է, թե ինչ տարբերություն Թեհրանի համար՝ միայն Իսրայելն է ռեգիոնում միջուկային զինանոցի տեր, թե մի շարք այլ երկրներ էլ՝ եթե սպառնալիք արդեն կա:

Բոլոր դեպքերում, Բայդենը կապում է Իրանի միջուկային զենքն ու ռեգիոնալ այլ երկրների լեգիտիմ իրավունքը: Այստեղ հատկանշական է մեկ այլ հանգամանք: ԱՄՆ նորընտիր նախագահը չի խոսում Հայաստանի մասին, սակայն եթե օրինակ Թուրքիան դառնում է միջուկային տերություն, ապա Հայաստանը առավել քան հարկադրված է ունենալ համարժեք, ասել է թե միջուկային պաշտպանություն: Այսինքն, Թուրքիայի ձգտումը միանգամայն լեգիտիմացնելու է միջուկային զենք ունենալու Հայաստանի իրավունքն ու անհրաժեշտությունը:

Գործնականում արդեն իսկ Արցախի դեմ պատերազմն այդ իրավունքի լեգիտիմացման հիմք է, հաշվի առնելով, որ ընթանում էր էթնիկ բնաջնջման տրամաբանությամբ: Հայաստանը պետք է երաշխիքներ ապահովի իր էքզիստենցիալ անվտանգության համար: