Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ «Ժողովուրդ» թերթին հասած լուրերի՝ Մակարյանը մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու մեջ:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է և հայտնել՝ վրիպում է տեղի ունեցել, ուղեկցողը շփոթվել է, անփույթ է եղել, և նաև ասել է, թե ինքն ինքնագլուխ այդ հրամանը չի տվել: Այսինքն՝ եղել է վերադաս հրաման։ Այսքանով, սակայն, ամեն ինչ չի ավարտվում. այս և այլ քրեական գործերով զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որոնք այլ տեսակետ են հայտնել:

168.am-ը պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց որևէ հարցի պատասխանել․

«Այդ հարցին և մնացած բոլոր հարցերին ես չեմ կարող պատասխանել»։

Հարցին, թե ինչո՞ւ չեք կարող պատասխանել, գեներալ Մակարյանը պատասխանեց․ «Ես այդ հարցին չեմ պատասխանում, ես չեմ կարող պատասխանել, շնորհակալություն»։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը armtimes.com–ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ ԶՈՒ ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին մարտական գործողություններին մասնակցելու համար Կովսականի «Զանգելան» մեկնած խումբը հայտնվել էր շրջափակման մեջ, նրանցից մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, մյուս մասն էլ գերի են ընկել, անհետ կորել։

Ի դեպ, այս խմբից անհետ կորած զինծառայողների հարազատները տեղեկություն ունեն, որ այդ ուղղությամբ մարտական գործողությունները ղեկավարել է գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, և բազմաթիվ բողոքի ակցիաներից հետո 2020 թվականի դեկտեմբերին հանդիպել էին Մակարյանի հետ։ 1 ժամ տևած հանդիպումից հետո ծնողներն ու հարազատները դժգոհ դուրս էին եկել և հայտարարել էին, որ Անդրանիկ Մակարյանն ասել է՝ վրիպում է եղել։ Ծնողները նաև պահում են այդ հանդիպման ձայնագրությունը։

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, 168.am-ի զրույցում հիշեց Անդրանիկ Մակարյանի հետ իրենց հանդիպումը, երբ գեներալ-լեյտենանտը հայտարարել էր, որ նման ելք է եղել, քանի որ ուղեկցողը վրիպել է։ Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են նաև ուղեկցողի հետ, վերջինս մանրամասն պատմել է, թե դեպքն ինչպես է եղել․

«Ուղեկցողը չի ասում, որ ինքը վրիպել է, ասում է՝ ինձ ոնց ասել են, ես այդպես էլ արել եմ․․․»։

Տիկին Անահիտը նաև ասաց, որ խոսել է Զանգելանում՝ այդ օրը Անդրանիկ Մակարյանի հետ սարի հակառակ կողմում եղած ջոկատի տղաների հետ, վերջիններս ուշագրավ մանրամասներ են հայտնել․

«Տղերքը Անդրանիկ Մակարյանի ջոկատից են եղել, ասել են՝ գեներալ, մենք կրակը պահենք, քիմիկները դիրքավորվեն, որովհետև ահավոր թեժ մարտ է, բայց իրեն զանգել է ինչ-որ մեկը, որովհետև իրեն զանգ է եկել, կարող է ԱԱԾ-ն էլ, եթե ծախված չի, դնի այդ զանգերը ստուգի․ իրեն զանգ է եկել, ու հենց այդ զանգն է տվել նահանջ հրամանը։ Ո՞վ է եղել այդ զանգի հեղինակը․․․ Մեղավորները, այսպես թե այնպես, պետք է պատասխան տան, Անդրանիկ Մակարյանը կամ կփակվի, կամ պետք է ասի, թե ով է իրեն նահանջի հրաման տվել․․․»։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները 2020 թվականի դեկտեմբերի 16-ին հանդիպել էին նաև Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ, ապա հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էին․

«Օնիկ Գասպարյանն ասաց՝ բոլոր մեղավորները պետք է պատասխան տան, եթե ես էլ մեղավոր լինեմ, պետք է պատասխան տամ»։