Կարդացեք նաև՝

Տևական ժամանակ է, ինչ մի խումբ անասնապահներ ու մսագործներ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ դեմ արտահայտվելով խոշոր և մանր եղջերավոր անասունների՝ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու պարտադիր պայմանին։

Քաղաքացիների մի մասը կտրականապես հրաժարվում է օգտվել սպանդանոցների ծառայություններից՝ նախընտրելով սեփական տան բակում կազմակերպել մորթը։ Մյուս մասը, թեև ընդունում է սննդի անվտանգության բարձրացմանն ուղղված գործողությունները, սակայն բողոքում է սպանդանոցների սակավ քանակից և դրանց հեռավորությունից։

Նախ պետք է նշել, որ Կառավարության այս որոշումը նոր չէ. այն ընդունվել է դեռևս 2018 թ. փետրվարի 15-ին։ Սակայն հաշվի առնելով գործող սպանդանոցների փոքր քանակը՝ ամբողջությամբ չէր կիրառվում։
Սննդի անվտանգության պետական ծառայությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնել են, որ այժմ հանրապետությունում գործում է 38 սպանդանոց, այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 15-ին, գործում էին 22-ը։ Ավելին, այժմ ևս 20 սպանդանոց ներքին հարդարման փուլում է, 27-ը՝ նախագծման։

Ինչ վերաբերում է մորթի արժեքին, ապա այն կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի։ Կարևոր է նշել, որ 3 և ավելի կենդանի մորթելու պարագայում մինչև 30 կիլոմետր հեռավորությունից կենդանիների տեղափոխումը սպանդանոց անվճար է։ Տեղափոխումը կատարվում է սպանդանոցի հատուկ նախատեսված մեքենայով։ Արդեն մորթված միսը ֆերմերին ևս կվերադարձվի առանց հավելյալ գումարի։

Սպանդանոցներում հնարավոր հերթերի գոյացման հետ կապված ՍԱՊԾ-ից տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնել են, որ հանրապետությունում գործող սպանդանոցներն ունեն օրական 30-300 գլուխ կենդանու մորթ կազմակերպելու հնարավորություն։