Կարդացեք նաև՝

Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը պատրաստ է ցանկացած պահի դիմում գրել և հեռանալ պաշտոնից, եթե վարչապետը հրավիրի իրեն ու ասի, որ իրենց համատեղ աշխատանքը չի ստացվում:

Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով վարչապետին էր դիմել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, հիմնավորմամբ, որ Մանուկյանը զբաղեցնելով ապաքաղաքական պաշտոն քաղաքական հայտարարություններ է անում: Ինքը՝ Մանուկյանը դրանք ոչ թե քաղաքական հայտարարություններ, այլ հրապարակային խորհուրդներ է համարում: Ասում է՝ նախկին քաղաքական վերնախավի հետ հանդիպումները ավելի հաճախ էին, այդ պատճառով էլ նման հայտարարություններ չէին լինում:

«Բոլոր իմ սուր ելույթներում ես նաև խորհուրդ եմ տալիս իշխանություններին, թե ինչ պետք է անել: Իշխանությունները, եթե համաձայն չեն իմ հետ, չեն ուզում ինձ տեսնեն Հանրային խորհրդի նախագահ, երբեմն ասում են, որ մինչև ապրիլի 4-ը իրավունք չունեն հանելու, դա ոչ մի նշանակություն չունի, ես արդեն հայտարարել եմ՝ ցանկացած պահի վարչապետը կարա հրավիրի, ասի, որ մենք միասին աշխատել չենք կարող, նույն պահին ես դուրս կգամ: Քանի որ այդպիսի հարց է առաջացել, ես կարող ա ինքս նախաձեռնեմ մոտ օրերս մի հատ հանդիպեմ վարչապետին, միասին քննարկենք՝ հետագա գործունեությունը իմաստ ունի, թե ոչ», – ասաց Վազգեն Մանուկյանը:

Արման Բաբաջանյանը իր դիմումի անհրաժեշտությունը հիմնավորում էր նաև օրեր առաջ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունայանի հետ հանդիպմանը ստացած որոշ տեղեկություններով: Մանուկյանը այսօր հայտարարեց՝ չի մեկնաբանում «Հեկտեմբերի 27»-ին վերաբերող հարցեր, քանի որ դա այն խաղն է, որը հիմա պարտադրում են իրեն ու ժողովրդին:

«27-ը հիմա օգտագործվում է որպես, եթե գիտեք այդ բանը, Կիրովի գործը Ստալինի ժամանակ, որ դրա հետևանքով սկսում են վերացնել և ոչնչացնել քաղաքական գործիչներին, իրենց հակառակորդներին: Բայց ո՞վ է ուղղորդում, ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության նա կարող էր մտնել բանտ, ինչ-որ խոսեր, հետո դուրս գար այդպիսի բաներ աներ», – ընդգծեց Մանուկյանը:

Բաբաջանյանը, մասնավորապես, հայտարարել էր, իր տպավորությամբ Վազգեն Մանուկյանը ազդեցություն է ունեցել Նաիրի Հունանյանի վրա, ըստ պատգամավորի, Հունանյանը հոկտեմբերի 27-ից օրեր առաջ հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ: Հանրային խորհրդի նախագահը հերքում է այս տեղեկությունները:

«Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 88 թվի շարժման ժամանակ, որովհետև ես Ղարաբաղ կոմիտե էի ներկայացնում, ինքը՝ ուսանողական շարժում, այն ժամանակ մենք իրար հետ հանդիպել ենք, որից հետո շատ երկար ժամանակ հետո ինքը եկել է մեր կուսակցություն, ուզեցել է ընդունվել ԱԺՄ կուսակցություն, մենք որոշել ենք, որ չարժի, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ և բացի դրանից էլ ես ոչ մի առնչություն հետը չեմ ունեցել՝ ո՛չ ընկերական հարաբերություններ, ո՛չ հանդիպումներ, ոչ մի այդպիսի բան չի եղել, մեր տանը ինքը երբեք չի եղել, ոչ մի հարաբերություններ չեն եղել: Այդ ամեն ինչը հնարված է ու այդ ամեն ինչը իր հետևում թաքցնում է քաղաքական նպատակներ: Ես ասեցի, որ հանդիպել եմ էն ժամանակ, երբ որ եկել է կուսակցություն՝ ընդունվելու, եթե փողոցում հանդիպել ենք, բարևել ենք, ես չեմ հիշում», – ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը պատասխանեց նաև Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն քննադատությանը, թե հանրային խորհուրդը անիմաստ կառույց է և դժվար է հիշել, որևէ գործընթաց, որը կառավարության խորհրդակցական մարմինը նախաձեռնել և հաջողությամբ ավարտել է: Մանուկյանը հիշեցնում է Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, Սևանի և մի շարք հարցերի վերաբերյալ քննարկումները:

«74 երկրում կան համապատասխան կառույցներ, և այդ կառույցները այդ երկրների մեծ մասում բավականին մեծ օգուտ են բերում իրանց պետությանը, բայց շատ կարևոր է, որ այդ կառույցը և իշխանությունները միասին կարողանան աշխատել և միևնույն ժամանակ այդ կառույցը լինի բավականին ազատ հասարակական կարծիք կամ իրենց կարծիքը հայտնելու հարցում», – նշեց Մանուկյանը:

Հանրային խորհուրդը Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է: Խորհրդի գործառույթներից է կազմակերպել հանրային լսումներ հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, եզրակացություններ ներկայացնել գործող օրենքների, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի վերաբերյալ: Հանրային խորհուրդը կազմված է 45 անդամից: Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության այս տարվա ապրիլի 4-ի որոշմամբ: