Ըստ զլմ-ների՝ Նիկոլ Փաշինյանը վերջին պահին է որոշել մեկնել Սյունիքի մարզ, գիշերով, Կոտայքի մարզի փոխարեն: Փաշինյանը հաստատ գիտեր, թե ինչ ընդունելություն է սպասում իրեն: Դա իհարկե պատճառ չէ, որ երկրի ղեկավարը չմեկնի որեւէ մարզ: Խնդիրն այստեղ քաղաքական այն ֆոնն է, որն արագորեն պայթեց այցի օրերին, տեղեկատվական ահռելի աղմուկով:Հնարավոր է, որ Փաշինյանի մոտ խանդ է առաջացել այն կապակցությամբ, որ նախագահ Արմեն Սարգսյանին Սյունիքում ընդունել են պատշաճ, ներկայացրել իրավիճակը եւ առաջարկել ուղիղ կապ նախագահականի հետ: Թեեւ, հետաքրքիր տեղեկատվություն եղավ այն մասին, որ այցից առաջ նախագահը «թույլտվություն է վերցրել» սյունեցիներից:Սյունիքի մարզի համայնքապետերը նոյեմբեր 9-ից հետո ընդգծված ընդդիմադիր դիրք են բռնել, սակայն խնդիրը զուտ քաղաքական դիրքավորումը չէ՝ առկա է խորացող անվստահություն ու հոգեբանական ու այլ բնույթի «օտարման» գործընթաց, կենտրոնական իշխանության ապիկարության ու երեւանյան քաղաքական դասի անհամարժեքության ֆոնին:Երեկվա իրադարձությունները, որոնք մանրամասն լուսաբանվեցին հայկական զլմ-ներում, ավելի են ընդգծում այս հանգամանքը: Ոմանք Նիկոլ Փաշինյանի այցը մեկնաբանում են «Սյունիքը միացնելու» տեսանկյունից, ոմանք՝ որ նա ցանկանում էր ցույց տալ, որ վերահսկում է իրավիճակը մարզում՝ միջանցքի վերաբերյալ առաջիկա որոշումների համատեքստում, ինչը չստացվեց: Հնարավոր են այլ տարբերակներ եւս, որոնք լրացնում են իրավիճակը եւ գլխավոր խնդիրը՝ Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել Սյունիքում Լավրովի ծրագրի ընդլայնված իրագործմանը «Արցախի սցենարով»:Դրա հեռանկարը չտեսնելու տալը ոչինչ չի փոխում, այդ թվում՝ նման հեռանկարի բացառումը: Սյունիքի մարզում ռուսական ռազմաբազայի տեղակայման, «անվտանգության նոր համակարգի կառուցման», Մեղրիի հաղորդակցությունների հանդեպ ՌԴ ՖՍԲ-ի վերահսկողության պայմանավորվածությունները, միջանցքը պատերազմով բացելու Բաքվի պերմանենտ սպառնալիքների «համալիրը» կասկած չեն թողնում այդ մտադրությունների հարցում: Դրա համար անհրաժեշտ է նախ Սյունիքի մարզի «ներքին օտարումը» եւ անպաշտպանության զգացումը, որը անվտանգության սպառնալիքների գեներացման պայմաններում ստեղծում է գործողությունների անհրաժեշտ ֆոնը:Հայաստանի կառավարության, քաղաքական ուժերի գերակշիռ մասի գործունեությունն ուղղված է այդ անհրաժեշտ ֆոնը ստեղծելուն: Գիտակցաբար թե ոչ՝ էական չէ քաղաքականության համատեքստում: Սա պետք է բոլորը հաշվի առնեն՝ քաղաքականության էությունը հենց նման դետալներից իրավիճակը «հավաքելն» է, որը հաջողությամբ իրագործվում է անհամարժեք ու պրիմիտիվ, մանր ռազբորկաների հակված քաղաքական համակարգերի դեմ:Հայաստանի Սյունիքի մարզի «արցախացումը» կոնկրետ հեռանկար է՝ արդեն փորձարկված մեխանիզմներով, ռուս-թուրքական հերթական «բարդ օպերացիայով», ընդ որում՝ ժամանակային սուղ հատվածի համար: Այս ծրագրերին դիմադրություն է պետք՝ սա է գլխավոր խնդիրը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/22/636148/


Post Views:
2