Արսեն Գարիկի Մարդիյան՝ արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս։Արսեն Մարդիյանը ծնվել է 1999թ. օգոստոսի 5-ին, Արցախի սրտում՝ Ստեփանակերտում, որը հանրապետության մայրաքաղաքն է: Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ երկու եղբայր և մեկ քույր: Բոլորի կողմից անչափ շատ սիրված երեխա էր:Դպրոց գնացել է 2005թ., հաճախել է Ա. Իսահակյանի անվան թիվ 10 միջն. դպրոցը: Սակայն 2008թ., Ընտանիքի հետ, տեղափոխվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղ և կրթությունը շարունակել գյուղի իննամյա դպրոցում: Սիրված և հարգված էր, թե՛ դասընկերների, թե՛ ուսուցիչների կողմից: Իր բնույթով, շատ համեստ էր, ապա շատ շնորհալի ու պարտաճանաչ։ Միշտ ակտիվորեն մասնակցում էր դպրոցական և արտադպրոցական միջոցառումներին: Կատարում էր ուսուցիչների բոլոր հանձնարարությունները, ձգտում էր չթերանալ, ուներ օրինակելի վարք, հանգիստ բնավորություն, շատ ընկերասեր էր: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի «Տրանսպորտային միջոցների նորոգում և շահագործում» բաժինը, ավարտել է 2016թ. փականագործի մասնագիտությամբ: Զուգահեռաբար ակտիվորեն մասնակցել է ռազմահայրենասիրական միջոցառումների: Նույն թվականին էլ պարգևատրվել է «Առաջ Արցախ» երիտասարդական հասարակական կազմակերպության պատվոգրով՝ «Մենք ուժեղ ենք միասին» ռազմահայրենասիրական ճամբարում կրակային վարժության ժամանակ, տղաների խմբում 1 տեղը զբաղեցնելու համար: Ապա 2017թ., հրաձգության մրցույթի ժամանակ, ճանաչվել է լավագույն հրաձիգ և կրկին պարգևատրվել նույն կազմակերպության կողմից։Մեր քաջը բազմակողմանի զարգացած էր և հոր աջ ձեռքը։ Միշտ օգնում էր նրան կենցաղային ու բազմաբույթ գործերում, ոսկի ձեռքեր ուներ, ամեն մանր ու աննշան գործից մինչև ամենաբարդ ու ծանր աշխատանք նրա մատների տակ, սահուն կերպով, իրենց տեղն ու դերն էին գտնում և կյանքի կոչվում։ Սիրում էր որսորդություն, ձկնորսություն, ապա լավ էր տիրապետում զենքին: Ապրիլյան պատերազմի ժամանակ 16 տարեկան էր, բայց հոր հետ ամեն ինչով օգնում էր զինվորներին: Շատ խելամիտ էր ամեն ինչում: Մանկուց ապրելով պատերազմական գոտում, շատ իրապատումներ լսելով հայրենիքի ու հայրենասիրության մասին՝ մեծացել էր որպես մեծն հայրենասեր երիտասարդ։ Ու եկել էր նրա բանակ զորակոչվելու ժամանակը։ Ոգևորությամբ էր սպաում իր ժամկետային ծառայությանը։ Եվ ահա նա ևս զորակոչվեց։ Ավյունով ու կյանքով լի մեր հզորը բանակ զորակոչվել է 2018թ. հունվարի 8-ին, Ֆիզուլիի N զորամասի 1 «Օսա-ԱԿ» ԶՀԴ (զենիթահրթիռային դիվիզիոն) պահպանության ջոկատ։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել դրական հատկանիշներով, ծառայողական պարտականությունները միշտ կատարել է պարտաճանաչությամբ: Այն ռազմական տեխնիկան ու սպառազինությունը, որ իրեն էր վստահված, նյութական մասին լավ էր տիրապետում և ճշգրտորեն էր կատարում այդ բոլորի շահագործման պահանջները: Կարգ ու կանոն պահպանող և զինվորական օրենսգիրքն անգիր իմացող զինվորական էր, արդեն կոչումով սերժանտ, այսպես ասած՝ սերժանտ Մարդիյան։ Եվ այսպես, Սերժանտ Ա. Մարդիյանը, ծառայության ընթացքում, շարային տեսակետից կսրգապահ էր, ֆիզիկապես` շատ ամրակազմ: Հրամանատարության և զինվորների կողմից ձեռք էր բերել դրականին համարժեք բնութագիր, որի համար էլ, ԱՀ ՊԲ-ի կողմից, մարտական պատրաստության բարձր արդյունքների և ծառայության հանդեպ բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու համար, 2019թ. հունիսին պարգևատրվել է պատվոգրով: Պարգևատրվել է նաև «Բանակի գերազանցիկ» շքանշանով։ Զորացրվել է 2020թ. հունվարի 8-ին: Սակայն նա հայրենիքի նվիրյալ էր, քաջ հայորդի և իրեն այլևս չէր պատկերացնում բանակից դուրս։ Ու նույն թվականի ապրիլի 27-ին կրկին ծառայության է մտել, այսպես ասած՝ ծառայությունը շարունակել է, շարունակել է նույն զորամասում: Ծառայում էր հայրենիքի համար չխնայելով ջանք ու եռանդ։ Նրա նվիրվածությունը չէր վրիպել զորամասի և հրամանատարության կողմից։ Չէ՞ որ վերադասի աչքը միշտ սուր է, միշտ նկատում է լավին էլ, վատին էլ։ Ու շատ արագ նկատել էր 3-րդ «Օսա-ԱԿ» ԶՆԴ 1-ին ԶՀՄ ՏԼՄ 2 ջոկի հրամանատար-ավագ օպերատոր սերժանտ Արսեն Մարդիյանին։ Եվ մեր սերժանտը, 2020թ. մայիսի 1-հունիսի 1-ը, ցուցաբերած փայլուն արդյունքների համար, զորամասի հրամանատարության կողմից արժանացել է խրախուսանքի, գովեստի ու պարգևատրման:Ահա մեր հզոր հայորդու կյանքի ուղին, որ դեռ պիտի երկար շարունակվեր, նա դեռ շատ անելիքներ ուներ այս կյանքում։ Ասել էր, թե կյանքն առջևում էր, նոր էր կյանք մտնում։ Կենսախինդ ու նպատակասլաց է, դեռ նոր պիտի կյանքը ժպտար իրեն։ Նրա դերը մեծ էր հայրենի հողի վրա։ Բայց․․․ Ի՞նչ եղավ հանկարծ․․․ Ինչու՞ հանկարծ նա դարձավ անցյալ, ի՞նչը փոխվեց մեր ջատագովի կյանքում, ինչու՞ նրա հազար ու մի պլանները մնացին կիսատ, մնացին չիրագործված։ ինչու՞ սահմռկեց մայր հողը, ինչու՞ քարացավ երկինքը հայի ու մեր հզոր հայորդուն թողեց հավերժ երիտասարդ։2020թ.․․․ Սեպտեմբերի 27․․․ Առավոտյան ժամը 7:15․․․ Լսվեց պայթյուն, առաջին պայթյունը: Ի՞նչ պայթյուն էր և որտեղի՞ց։ Թեպետ այդ օրը մեր հերոսն աշխատանքի չէր, բայց լսելով պայթյունի ձայնը՝ անհանգստացել է ու իր մեքենայով շարժվել դեպի ՀՈՊ զորամաս, որը գտնվում էր Ուղտասարում: Ճանապարհին տեսնելով գյուղացիների խուճապը, նա ոչ միայն ապաստարանի տեղն է ցույց տվել, այլ նաև, իր մեքենայով, կանանց ու երեխաների է տեղափոխել: Իսկ հետո շտապել է զորամաս: Երբ տեղ է հասել՝ իրավիճակը պարզ է դարձել՝ արյունարբու թուրքաադրբեջանական ոսոխը պատերազմ էր սանձազերծել Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Զորամասում անմիջապես հրաման է ստացել »Օսա-ԱԿ» ԶՀԴ տեղափոխել թաքստոցներ։ Նա այնքան արագ է աշխատել, որ մեկի փոխարեն հասցրել է տեղափոխել երեք «Օսա-ԱԿ» ԶՀԴ: Ապա պետք է պատսպարվեին թաքստոցում և սպասեին հետագա զարգացումներին։ Սակայն․․․ հակառակորդն ոխերիմ էր ու դավադիր։ Այդ պահին հակառակորդի կասետային սմերչ է հարվածել հենց այնտեղ, որտեղ մեր անվարան քաջն էր իր զինվորների հետ։ Նրանք չեն հասցրել թաքնվել։ Սմերչի բեկորային հարվածից 6 զինվոր վիրավորվել են, իսկ նա կրծքավանդակի հրազենային բեկորային, կույր, խոռոչը թափանցող մահացու վիրավորում է ստացել, աորտայի և սրտի վնասվածքնրով:Սահմռկել կարելի է։ Գրիչս դուղում է ձեռքիս մեջ, ի՞նչ ասել, ինչպե՞ս գրել՝ փառք հիշատակիդ, երբ այս պայթյունից ընդամենը ժամեր առաջ կենսախինդ ու կյանքով լի էր այս անձնուրաց երիտասարդը։Ու նա քաջաբար հավերժացավ, հավերժի ճամփորդ դարձավ պատերազմի հենց առաջին ժամերին։ Չհասցրեց տեսնել, որ չարաբաստիկ պատերազմը տևեց քառասունչորս օր, որ հազարավոր հայորդիներ, իրենց պայքարի ճանապարհին, նրա նման դարձան անմահության արծիվներ։ Այո՛, չհասցրեց, չտեսավ, բայց հիմա երկնքից նայում է բոլորին ու բոլորիս իր հպարտ կեցվածքով, ճախրում է հզոր թևերը լայն բացած կապույտ լազուրում և հսկում իր ազգի խաղաղությունը։Որքան էլ ցավ է, որքան էլ չեմ կարող, բայց հա՛րկ է և պարտավո՛ր եմ քաջի մասին խոսել հերոսին վայելուչ ձևով։ Ու արցունքներիս միջից, դողացող ձայնով, բայց և անթաքույց հպարտությամբ բարբառում եմ՝ փա՛ռք հիշատակիդ, մեր անվախ հերոս․ խոնարհումս քեզ ու քո հզոր ոգուն։Մեր հերոսն ապրեց կարճ, բայց իր քաջության շնորհիվ թողեց մի ամբողջ կյանքի պատմություն և այդ պատմությունը դարերով կապրեցնի նրան։ Նա կապրի նաև նրա ավագ եղբոր՝ Արամի նորածին առաջնեկի՝ կրտսեր Արսեն Մարդիյանի միջոցով ու նրա շներհիվ, ով ծնվեց իր հերոս հորեղբոր անմահանալուց ընդամենը երեք օր անց՝ հոկտեմբերի 1-ին։2020թ. սեպտեմբերի 28-ին, Արցախի նախագահի հրամանագրով, մեր հերոսը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:Ճախրի՛ր, արծի՛վ,Թևի՛դ տուր, սուրա՛,Անցիր երկնքի կապույտով լազուր,Թևերդ փռիր երկրիդ վրա,Սուր աչքերդ չորս արա,Կտցի՛ր, կտցահարի՛ր թշնամուն չար,Որ դողա ու մեր հողից սողեսող փա՛խ տա։Հոգեբան, գրող, ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան, նախկին «Քառօրյա պատերազմ» այժմյան ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐ, նաև ՀԵՐՈՍԸ խմբերի կանոնավորիչ և ՀԱԲ Ռ/Հ/Կ երիտասարդական թևի մամլո խոսնակ՝ ՄաՏիՆա՝ Մարինե Մանուկյան


Post Views:
1