«Ազիզը նստեց ավտոբուս, կռիվ է գնում, աշխարհով մեկ է եղել, էնքան երջանիկ էր, ասում էր՝ վերջապես մեր ժամն էլ հասավ մեր երկրի համար ծառայենք, իմանաք՝ ինչո՞ւ ենք հրետանավոր։ Ավտոբուսի մեջ նուռ հանեց, մաքրեց, որ ուտի». հոր վերջին հանդիպումն էր որդու՝ ժամկետային զինծառայող Ազիզ Աղաջանյանի հետ։ Ամենաթեժ կետը տարան՝ Ջաբրայիլ։ Մեղրիի զորամասում էր ծառայում։ Հարազատները մեկ տարի չէին տեսակցել որդուն, սեպտեմբերի 26-ին պատրաստվել էին մեկնել Մեղրի՝ որդուն տեսնելու, ամեն ինչ պատրաստ էր, առավոտյան ծրագրել էին ճանապարհ ընկնել։ Հաջորդ օրը պատերազմը սկսվեց։

Ազիզի քույրը՝ Լուսինան է պատմում։ «Սկզբում Մեղրիի դիրքեր էին տարել, նկարներ էր ուղարկում, զանգում էր, այնքան հանգիստ էր խոսում, կարծես հանգստյան տուն էր գնացել։ Երբ մեզ հարցնում էին՝ Ազիզը որտե՞ղ է ծառայում, վախենում էինք ասել՝ ռազմի դաշտում չի։ Վերջը գնաց ռազմի դաշտ։ Հոկտեմբերի 2-ին պապան գնաց Մեղրի, լիքը հագուստ, սնունդ, զինվորական տաք հագուստ էր վերցրել։ Գնաց տեսակցելու, չգիտեինք, որ գնաց հրաժեշտ տալու։ Հոկտեմբերի 3-ին իմացանք, որ Ազիզին տանում են Ղարաբաղ, մտածեցի պապան մի բան կանի, չի թողնի։ Բայց պապան ասաց՝ Ազիզին տարան»,-պատմում է Լուսինան։

Ընտանիքի անդամներին ամեն մեկին իր անունով՝ Լուսնյակիս, Նինիկիս, մամայիս, նամակ էր ուղարկել Ազիզը։

«Բոլորն ուրախ կարդում էին իրենց նամակները։ Ես կարդացի ու ընկա գետնին։ Ասացի՝ պապա, Ազիզը չի գալու, զոհվելու է։ Ինձ ասացին՝ դու գժվել ես։ Ասացի՝ նա մեզ հրաժեշտ է տվել։ Այդ պահին Ազիզը զանգեց։ Ասացի՝ Ազիզ, էս ի՞նչ ես արել, դու էլ գիտես, որ չես գալու։ Ասաց՝ Լուսնյակս, իմացիր, որ ես ձեր, ձեր երեխաների ու սերունդերի համար կյանքս կտամ առանց մի վայրկյան մտածելու։ Ինձ գրել էր՝ եթե կողքիդ չեմ, ուրեմն հայելու մեջ եմ, կկանգնես ու կնայես հայելու մեջ։ Ես անհույս գոռում էի, խնդրում էի՝ մի բան արեք, գնացեք բերեք Ազիզին»,-հիշում է Լուսինան։ Ասում է՝ եղբոր հետ ամուր հոգեւոր կապ կար, երբ Ազիզը ճակատամարտում էր, քույրն ամեն ինչ զգում էր, զոհվելու վայրկյաններն էլ է զգացել։

Ամեն օր զանգում էր ծնողներին, քույրերին, պայմանավորվել էին՝ եթե չկարողանա զանգել, ուրեմն մի հատ կետ կուղարկի հաղորդագրությամբ։

Քույրն ասում է՝ իրենցից թաքցնում էր, որ ռազմի դաշտում էր, միշտ ասում էր՝ մի հանգիստ տեղ ենք, այստեղ չեն խփում, մի տան մեջ ենք, որտեղ լողանում ենք, հաց ուտում. «Հետո ընկերը նկարներ էր մեզ ցույց տվել, տուն չէր, ապահով տեղ չէր, ամայի դաշտում էին, մի հատ ծառ էլ չի եղել, խրամատ չի եղել, իրենք են փորել»։

Հոկտեմբերի 17-ին հայտարարվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին, հրադարար հայտարարվեց ու քույրն ասում է՝ երջանիկ էի, մտածեցի՝ սխալվել եմ, վերջ, Ազիզը ողջ կմնա։ Հրադադար չեղավ, տանեցիք կրկին, Լուսինայի նկարագրմամբ՝ դժոխք ընկան. «Հոկտեմբերի 18-ին զանգեց, հեւում էր, զգում էի, որ վազում է, էլի ոչինչ չասաց, թե ինչ է կատարվում։ Այդ օրը մամայի հետ վերջին անգամ խոսեց, կրկին ասաց՝ լավ ենք, մենք չենք կռվում, հանգիստ է, ու անջատեց հեռախոսը։ Հոկտեմբերի 19-ի գիշերը զոհվեց ԱԹՍ-ի հարվածից։ Հաշվում էինք զորացրվելու օրերը, 9-ը ամիս էր մնացել, ինքն ասում էր՝ մի հղիություն է մնացել, ու տուն կգամ»։

Քույրն ասում է՝ նահանջի հրաման կար, Իշխանաձորից դուրս պիտի գային, այդ օրը երեկոյան հաղորդագրություն է ուղարկել՝ մի հատ կետ, տանեցիք մտածել են՝ փրկվել է. «Ամբողջ գիշեր աղոթել եմ, զգում էի, որ իր վերջին ժամերն են։ Գիշերը մայրիկիս «սմս» է ուղարկել, ասել է՝ լավ եմ, բարի գիշեր։ Առավոտյան զգացի, որ եղբայրս չի գալու։ Ամուսինս տան շեմին էր, դեռ դուրս չեկած Ազիզի համարից զանգ ստացանք, ամուսինս միացրեց զանգն ու ասաց՝ ախպերս, ցավդ տանեմ, փրկվել ես։ Ու ասացին՝ եկեք Կապան դին ճանաչելու։ Այդ օրը զինակից ընկերներից մեկի հայրը զանգել էր պապայիս աչքալուսանք տվել, որ էրեխեքը Մեղրի են հասել։ Պապաս զարմացել էր՝ բա իմ տղան ինչո՞ւ չի զանգել։ Դեռ չգիտեր»։

Վեց ընկերներով մի մեքենայի մեջ էին, նահանջի ճամփեն էր, Մեղրի էին վերադառնում, անօդաչու թռչող սարքերն անդադար խփում էին, մի մեքենայի պայթելուց հետո տղաները որոշել են ոտքով անցնել ճանապարհը։ Լուսինան Ազիզի ընկերների պատմածն է փոխանցում. «Փառք աստծո, բոլոր ընկերները ողջ են մնացել։ Ոտքով քայլում էին, իրարից հեռավորություն պահելով։ Ազիզն ասում էր՝ քուրս, սարերի մութն այնքան դաժան է։ Քայլել են ականապատ տեղերով։ Ընկերներն ասում են՝ էդ ճանապարհին հանդիպել են այլ զինծառայողների, ճանաչել է տղաներից մեկին, որին մամայիս գործած սվիտերն էր տվել, խնդրել է վերադարձնել, ասել է՝ մամայիս գործածն է, խնդրում եմ, տուր ինձ։ Հագել է։ Ու հագին նաեւ պապայիս արտադրամասի կարած տաբատն է եղել։ Սվիտերը հագել ու ասել է՝ մամայիս գործածը հասավ ինձ, էլ ի՞նչ է պետք՝ հորս կարածով, մորս՝ գործածով»։

Իրարից հեռավորություն պահելով տղաները ԱԹՍ-ների հարվածների տակ քայլել են, պաշտպանվելու հնար չի եղել, մեքենայից դուրս գալու խորհուրդն էլ Ազիզն է տվել, ասել է՝ եթե զոհվենք, գոնե մեր դիերը գտնեն, մեքենայի մեջ մոխիր կդառնանք։

«Ընկերն ասում էր՝ վերջին անգամ Ազիզի ձայնն է լսել՝ մի հավաքվեք, մի կուտակվեք, հեսա կխփեն։ Հեռվից իրենց մոտ վազելով մի տասը հոգանոց խումբ է մոտեցել, ԱԹՍ-ն կուտակումը նկատել է ու խփել։ Ազիզին է կպել, գլխին, այդպես զոհվեց, ու էլ կրակոց չի եղել»,- պատմում է քույրը։ Ասում է՝ տղաների հետ նույնիսկ հրամանատար չի եղել, ամեն ինչ ինքնուրույն են որոշել ու արել։

«Ազիզի շիրիմին մի տղա էր եկել, պապայիս պատմել է՝ ես որ այստեղ կանգնած եմ, ձեր որդու շնորհիվ է, ես զենքով լի մեքենայի մեջ էի, խփել էին, այրվում էի, բոլորը կանգնած նայում էին, հրաման կար չմոտենալ։ Լսեցի, Ազիզն ասում էր՝ մարդ կա մեջը, պետք է փրկել։ Նետվել է մեքենան ու ինձ դուրս հանել։ Ընկերներն ասում են՝ շատ անվախն էր, մեզ հրամայում էին՝ դուրս չգալ, չհելնել, ինքը հելնում ու կրակում էր, հրետանավոր էր, հաշվարկի հրամանատար էր, ասում էր՝ բա մենք երրորդ գիծ ենք, որ չկրակենք, առաջին գծի տղաները ո՞նց պաշտպանվեն, ո՞նց կռվեն։ Մի ժամվա մեջ 80 զարկ է կրակել, ականջները ցավում էին»։

Ազիզ Աղաջանյանը մինչ զորակոչվելը Ամերիկյան համալսարան էր ընդունվել, ծրագրավորում պիտի սովորեր, քույրն ասում է. «Ազիզր միշտ ասում էր՝ ուզում եմ հարուստ լինել, որ մամային ու պապային աշխարհով մեկ շրջագայության տանեմ։ Մեր հպարտությունն էր, այնքան կարդացած, կիրթ, զգացմունքային, խելացի։ Ամեն ինչում երջանկություն եւ ուրախություն էր գտնում»։

Հիմա ծնողները որդու քաջագործություններով էլ չեն մխիթարվում, Լուսինան ասում է՝ վիշտը երբեք չի սփոփվի, տառապանքն անչափելի է։

Աղբյուր


Post Views:
35