iPress.am«Մոսկվա» կինոթատրոնը պատերազմից հետո այսքան մարդաշատ չէր եղել։  Ապրիլի 16-ին մեծ էկրան բարձրացավ վերջին շրջանի ամենաքննարկված ֆիլմը՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանությունը»: Ֆիլմի կոմպոզիտորն է Արաքսյա Մուշեղյանը, բեմադրող օպերատորը՝ Ռուբեն Գասպարյանը, երկրորդ օպերատորը՝ Արեգ Հակոբյանը:

Ֆիլմի պրեմիերան սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդիների։

«Իշխանություն» ֆիլմի, Փաշինյանին ծափահարելու, նրա թելադրածով ընտրությանը գնացող ընդդիմադիրների մասին — YouTube

«Իշխանությունը» քաղաքական դրամա է։ Այն ամբողջացրել էր մեր պատմության վերջին երեք տարիները՝ 2018 թվականի ապրիլից մինչեւ 44-օրյա պատերազմ:

Ռեժիսորը ֆիլմի սցենարի վրա սկսել է աշխատել 2019 թվականի վերջից, իսկ 2020 թվականի գարնանն արդեն սկսվել են նկարահանումները։

Ֆիլմում ներկայացվում է այն ամենն, ինչ տեղի էր ունենում հեղափոխության ժամանակ։ Նոր իրողության հետ փոփոխվող մարդիկ՝ արժեհամակարգի,  սկզբունքների դավաճանում, հայրենիքի կորուստ։

Այս ֆիլմում յուրաքանչյուրը կարող է գտնել ինքն իրեն։ ֆիլմը ոչ թե ցեխ է շպրտում ու մերկապարանոց հայտարություններ անում այսօրվա իշխանությունների հասցեին ու արդարացնում նախկիներին, այլ դեպքերն ու դեմքերը ներկայացնում է այնպես, ինչպես կա։

Ֆիլմում կարմիր թելի նման անցնում է այն գիծը՝ ինչպես է քաղաքականությունը մուտք գործում ներանձնային հարաբերություններ ու փոխում ոմանց կյանքի ընթացքը։

Ֆիլմը գրեթե պատրաստ է եղել, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը։ Հետեւաբար, սցենարը փոփոխության է ենթարկվել։ Շատ տեսարաններ «ջնջվել» են ու նորից նկարահանվել։

«Այս ֆիլմը մեր ու մեր երկրի մասին է. այն դիտելով՝ շատ մարդիկ իրենք իրենց կճանաչեն, շատերն էլ չեն ցանկանա իրենց ճանաչել, իսկ շատերը, ուզեն, թե ոչ, իրենց ճանաչելու են։ Ֆիլմը սիրո եւ դավաճանության, նաեւ անձնազոհության, հույսի ու հավատի մասին է, այն մասին, որ ազգերն ու երկրները չեն կարող ունենալ տարբեր ճակատագրեր. այդ ճակատագրերը միահյուսված են, եւ եթե ամեն ինչ լավ է երկրում, ամեն բան լավ է նաեւ ազգի ներսում, եւ հակառակը՝ եթե ազգը հիվանդ է ու պառակտված, խորտակվում է նաեւ երկիրը»,- ասում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանը, սակայն, նկատում է, որ այս ֆիլմը նաեւ գեղարվեստական ֆիլմ է։

«Ես չեմ թաքցնում, որ ֆիլմում կա քաղաքականություն: Երեք տարում տարբեր իրավիճակներ տեսանք, հասկացանք նաեւ, թե իշխանությունն ինչ կարող է անել մարդկանց հետ: Այստեղ իմ զգացածն ու հասկացածն է, իմ վերլուծությունն ու իմ գրածն է: Պատասխանատու պահ է, որովհետեւ գալիս է մի օր, որ բոլոր խոսակցությունները թրեյլերից հետո անցնում են երկրորդ պլան, եւ առաջին պլան է գալիս հանդիսատեսի կարծիքը: Այլ հարց է, երբ մասնագիտական ու ստեղծագործական խումբը կամ ընկերներդ են նայում, այլ բան է, երբ հանդիսատեսն է նայում: Ես պատրաստ եմ ֆիլմի հետ կապված ցանկացած կարծիքի, քննադատության, այդ թվում՝ «թաղվելուն»»,- ասաց ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանը:

Ռեժիսորն անկեղծացավ, որ եղել են դերասաններ, որոնք հրաժարվել են նկարհանվել ֆիլմում՝ որքան էլ փորձել է բացատրել, որ իրենք դերասաններ են ու պետք է խաղան ամեն դեր։ Մկրտչյանն ասում է՝ պատճառաբանել են, որ չեն ուզում անցավ գլուխը դնել ցավի տակ։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ստեղծագործական կազմին, բոլոր նրանց, ովքեր այս ծանր մեկ տարին եղել են ինձ հետ, եւ մենք միասին ենք ստեղծել այս ֆիլմը, որովհետեւ ռեժիսորը միայնակ ֆիլմ չի ստեղծում: Շնորհակալ եմ դերասաններին, որոնք ցանկացան լինել իմ կողքին եւ ֆիլմը դարձրին ֆիլմ»,- նշեց Մհեր Մկրտչյանը:

Կերպարները բազմազան են ու դերասանական շատ հետաքրքիր կազմ էր ընտրված։ Նկարահանվել են Անի Ղազարյանը, Շանթ Հովհաննիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Լեւս Դավթյանը, Ռոզի Ավետիսովան, Ժաննա Վելիցյանը եւ այլք: Իսկ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կերպարը մարմնավորել էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Շակուրովը, կերպարն էլ  հանդիսատեսի համար խոսում էր դերասան Ալեքսանդր Խաչատրյանի ձայնով: Ի դեպ, Սերժ Սարգսյանն ընտանյոք հանդերձ էր ներկա պրեմերիային։

Նախագահի օգնական Ալիսա Դայանի կերպարում Անի Ղազարյանն է: Սկզբունքային, արժեհամակարգ եւ ամուր բնավորություն ունեցող անձնավորություն։ Նա անգամ հրաժարվում է իր սիրուց՝ հավատարիմ մնալով սկզբուքներին։

«Ես շատ եմ սիրել Ալիսա Դայանին, կուզեի, որ մեր հասարակության մեջ շատ լինեն նման նվիրումով ապրող մարդիկ: Մի աղջիկ, որ ճակատագրով ու կենսագրության նուրբ թելերով է անցկացնում քաղաքական գիծը: Առաջին իսկ օրվանից իմացել եմ, որ արժանանալու եմ քննադատության, բայց շատ կարեւոր է, թե ով քեզ քննադատողը։ Պատրաստ եմ լսել նույնիսկ ամենասուր քննադատությունները, բայց խելացի, գիտակ եւ հայրենասեր մարդկանցից։ Իսկ եթե բոլորի քննադատությունը լսես, վերջում կարող է հոգեբուժարանում  հայտնվես», — ասաց Անի Ղազարյանը։

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը պրեմիերայից առաջ շատ հուզված էր, ու նրա սրտի բաբախն անգամ լսելի էր կողքից։ Ասում է՝ հուզված է, քանի որ չափազանց պատասխանատու դերում է հանդես եկել:

«Ես նախագահի կնոջ կերպարն եմ կերտել, փորձել եմ նրա բնավորության բոլոր դրական գծերը ներկայացնել: Հուսով եմ, որ հանդիսատեսը եւ հետագայում նաեւ հեռուստադիտողը գոհ կմնան: Անձամբ չեմ ճանաչել Ռիտա Սարգսյանին, որից վերցված է ֆիլմի կերպարը, ուսումնասիրել եմ հեռվից, նրան հնարավորինս ճանաչելու համար իր մասնակցությամբ բոլոր հաղորդումներն եմ դիտել: Այս ֆիլմը, վստահ եմ, դիտելու են բոլորը, եւ անգամ նրանք, ովքեր ագրեսիվ են տրամադրված»,- նշեց դերասանուհին՝ հավելելով, որ հայ կինոն պետք է ծառայի մեր ազգային գաղափարախոսությանը։

Ֆիլմում քաղաքականության հետ կապ չունեցող բանկի կառավարիչ Մանեի դերում հանդես է եկել Ռոզի Ավետիսովան: Սակայն այս կերպարը սիրում է փող, հարստություն ու ամեն ինչ անցկացնում է այդ պրիզմայով։ Անգամ իր կողքին գտնվող տղամարդն իր երազանքների պաշտոն ունեցող պետք է լինի։

«Այսօր մենք ապրում ենք երկու իրականությունում: Այս ֆիլմը հենց դրա մասին է։  Ինձ չի վախեցրել այն հանգամանքը, որ ֆիլմը քաղաքական է. ես դերասան եմ ու խաղում եմ այն դերը, որն ինձ վստահվել է։ Պարզապես իմ գործն եմ անում։ Իհարկե, ես ունեմ իմ սկզբունքներն ու մոտեցումները կատարվող քաղաքական գործընթացներին», — ասաց դերասանուհին։

Հեղափոխություն իրականացնող վարչապետի կերպարում դերասան Լեւս Դավթյանն է, ասաց՝ ոչ թե մարմնավորել է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, այլ մարմնավորել է մի երիտասարդի, որը հանգամանքների բերումով դառնում է երկրի վարչապետ։

«Այլապես դա կլիներ կրկնօրինակում։ Ես պարզապես մարմնավորում եմ չարաբաստիկ կերպար։ Չեմ վախենում դերիս հետ կապված քննադատություններից, այլ վախենում եմ միայն հայրենիք կորցնելուց»,- նշեց Լեւս Դավթյանը։

Իսկ կորցրած հայրենիքը հետ բերելու համար ֆիլմում հնչում է մեկ նախադասություն՝ «Ո՞վ է ասել, որ մեկ անգամ կարող ենք ազատագրել մեր հողը…»։

Աղբյուրը՝


Post Views:
23