Այսպես կոչված Եվրասիական գաղափարի եւ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության գաղափարախոսներից մեկը՝ Ալեքսանդր Դուգինը, Բաքվի զլմ-ներում մի շարք հատկանշական հայտարարություններ է արել 2020-ի պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ։Նա ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Մոսկվան Ղարաբաղում արել է այն ամենը, ինչ պահանջվում էր, պահել է իր խոստումները։ Մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Հիմա Բաքվի ժամանակն է՝ մտնել ՀԱՊԿ եւ ԵՏՄ մեջ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, ի պատասխան ուժեղացրեինք մեզ հետ ոչ մի փաստաթղթով դաշնակից չհամարվող ուժին։ Մի՞թե դրա համար էր վարվում Մոսկվա-Բաքու ռազմավարական առանցքը՝ Հարավային Կովկասում որպես Ռուսաստանի գլխավոր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի դիրքավորումը։ Մենք մեր խնդիրը կատարել ենք, սպասում ենք Ադրբեջանի քայլին, ասել է Դուգինը։ Նա Բաքվին հավաստիացրել է նաեւ, որ Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի բանակի վերակազմավորումը չի սպառնում Ադրբեջանին․ այդ հարցն արդեն լուծված է»։Դուգինի այս հայտարարությունները եւս մեկ խոստովանություն են Մոսկվայից՝ Լավրովի պլանով Հայաստանի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի, թուրքերին Հայաստանի պարտության ռուսական երաշխիքների եւ Հայաստանի տարածքի մասնատման մասին։ Մոսկվան ներկայում փորձում է արագացնել Հայաստան-Բաքու այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, եռակողմ հայտարարության «կարգավորման» փաստաթղթավորման համար։ Զուգահեռ ռուսական մամուլում ակտիվացել են եվրասիական բլոկներին՝ ԵՏՄ, ՀԱՊԿ, Բաքվի անդամակցության հնարավորության մասին տեղեկությունները։ Խոսվում է ապրիլի վերջին ԵՏՄ միջկառավարական նիստին Բաքվի պատվիրակության մասնակցության մասին, որին Երեւանի համաձայնությունը պայմանավորված է մի շարք հարցերով, այդ թվում՝ գերիների վերադարձով։Եվրասիական ռուս-թուրքական բլոկների շրջանակում եռակողմ հայտարարության լեգիտիմացման հեռանկարը մեկնաբանման կարիք չի զգում։Մինչ այդ, Հայաստանում շարունակվում են ողորմելի ռազբորկաները պատերազմի մեղավորների, դավաճանների, գեներալների, տարածքները հանձնելու եւ այլնի մասին։ Այդ ռազբորկաներն անվերջ ու անպտուղ են, քանի դեռ դրանցում բացակայում է հայկական պարտության գլխավոր շահառուն եւ դերակատարը՝ Ռուսաստանը։ Վեց ամիսը բավական ժամանակ էր խելք-խելքի տալու, ազգային օրակարգ ձեւավորելու համար՝ դիմակայելու Լավրովի պլանի ընդլայնված իրագործմանը։ Հիմա սակայն բոլորին պարզ է, որ այդ ռազբորկաները եւ դրանց մասնակիցները այդ պլանի իրագործման սպասարկուներն ու գործիքներն են։ Առավել եւս այն բանից հետո, երբ ինքը Մոսկվան բացահայտել է ամեն ինչ։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/17/635219/


Post Views:
0