Ռազմական-բժիշկը-սահմանին-կանգնեց-որպես-զինվոր`-չմոռանալով-իր-առաքելությունը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է մերօրյա հերոս Հարություն Թիլիքյանին: Նա գրել է.

«Ընտրել ռազմական բժշկի մասնագիտությունը` նշանակում է ամուր կապերով կապվել հայրենիքին ու ծառայել բժշկի և սպայի կոչմանը հավատարիմ: Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանող Հարություն Թիլիքյանը սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ իրականացվող պատերազմի ժամանակ, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտում, սահմանին կանգնեց որպես զինվոր` չմոռանալով նաև այն առաքելությունը, որը կոչված է` օգնել բուժօգնության կարիք ունեցող զինակից ընկերներին, փրկել կյանքեր ու զոհել կյանքը` հանուն հայրենիքի և հանուն կյանքերի:

Մերօրյա հերոսը ծնվել է 1998թ.-ի ապրիլի 18-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Բազմաթիվ հետաքրքրություններ ունեցող Հարությունն ընտրեց բժշկությունը: Պատահական չէր, որ որոշեց ծառայել կրկնակի՝ զինվորականի և Հիպոկրատի երդման ներքո:

Թե ինչպես է Հարություն Թիլիքյանն ընտրել ռազմական բժշկի մասնագիտությունը, պատմում է քույրը` Մարիցան. «Եղբայրս սկզբունքորեն դեմ էր հայրենիքից հեռանալուն, չէր պատկերացնում ապագան Հայաստանից հեռու, և դա էր այն պատճառներից մեկը, որ ընդունվեց Ռազմաբժշկական ֆակուլտետ՝ իր կյանքը կապելով հայրենիքին»:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Քրոջ խոսքով՝ անմահացած եղբայրը լավ օրինակ էր բոլորի համար. շրջապատում գնահատում էր ամեն ինչ՝ ուշադիր էր ցանկացած մանրուքի նկատմամբ: Սիրում էր արվեստը, ուներ երաժշտական կրթություն. սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում՝ նվագում էր ջութակ, կիթառ, դաշնամուր, զբաղվում էր սպորտով՝ ֆուտբոլ, շախմատ և այլն:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողը, որը հայրենիքի պաշտպանության համար տվեց ամենաթանկը՝ կյանքը, որոշել էր ընտրել ուռուցքաբանի մասնագիտացումը, ծառայել հայրենիքում՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:

Մերօրյա հերոսը պատերազմի ամենաթեժ կետում բժշկի վարպետությամբ առաջին բուժօգնություն է ցույց տվել ու նպաստել վիրավորների՝ շարք վերադառնալուն:

Հարություն Թիլիքյանը 2020 թվականի հոկտեմբերի 2-ին զոհվել է Ջրականում՝ արկի պայթյունից։ Նա համալրեց անմահացած հերացիականների շարքը: Զոհելով կյանքը` նրանք ընդմիշտ կմնան բժշկական բուհի այն հերոսները, որոնք հպարտորեն տվեցին իրենց պարտքը հայրենիքին, բոլորը պարտք մնացին նրանց…»:

https://lurer.com/?p=414578&l=am


Post Views:
0