Ջալալ-Հարությունյանը-հարցաքննվել-է-աղմկահարույց-գործի-շրջանակում

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Այս մասին News.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քննչական կոմիտեից։ Խոսքը Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման հետևանքով զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործի մասին է։

Պաշտպանության նախարարը հանդիպել է Ջալալ Հարությունյանի հետ

Այս դեպքի շրջանակում փետրվարի 13–ին ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը) մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։ Գեներալ–մայորի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 11–ին, Ջալալ Հարությունյանի հրամանով` Մարտունի 3 պաշտպանականից 72 հոգանոց վաշտ են ուղարկել Հադրութ-Ջրական ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը դիմակայելու համար, զինվորներն ընկել են շրջափակման մեջ, մեծ մասը զոհվել է, ոմանք էլ` անհետ կորել ։

Ըստ մեղադրանքի՝ Առստամյանը պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի 72 զինծառայողներին, մինչդեռ տղաներին այդ ուղղությամբ ուղարկել է հենց ՊԲ հրամանատարը՝ քաջ իմանալով, որ այդ հատվածն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ։

Հավելենք, որ Կարեն Առստամյանը նոյեմբերի 8–ին ազատվել է 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից, ամիսներ անց նրան մեղադրանք է առաջադրվել։


Put up Views:
17