Պատմությունը-ոսկե-տառերով-է-գրելու-ազգի-ընտրյալի-անունը.-Մոլորվածնե՛ր,-բացեք-Ձեր-աչքերը-…-Հենրիկ-Հովհաննիսյանի-հզոր-կոչը

Բացեք ձեր աչքերը, մոլորվածնե՛ր, որովհետև ասված է՝ «լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք»:

Ով հայոց «ընդդիմություն» և ձեզ ընդդիմադիր հայտարարող հայեր, ժամանակը և աշխարհը ձեզ ոչինչ չե՞ն ասում, մարդակուլ համաճարակը ոչ մի եզրակացության չի՞ բերում, չե՞ք գիտակցում, որ մարդկության առաջ կան շատ առավել մեծ ու տագնապալի խնդիրներ, քան ձեր պաշտոնասիրական ու ընչասիրական ողորմելի կրքերը։

Դուք կու՞յր եք, թե կույր եք ձևանում, բու՞թ եք, թե՞․․․ Դուք պարզունակ խորամանկություն անգամ չունեք ու ձեր կարծիքով քաղաքականությամբ եք զբաղված։ Դուք ոչ մի կապ չունեք քաղաքականության հետ ձեր սովորած մի քանի արտահայտություններով։

Հայրենիքի՞ց եք խոսու՞մ։ Դուք ի՞նչ գիտեք ինչ է հայրենիքը, ինչ է հայը և հայի խորհուրդը քրիստոնեական քաղաքակրթության մեջ։ Ցավը նա չէ, որ դուք տգետ եք, որ ձեր միտքը տհաս է։ Դա ներելի է, քանզի մենք բոլորս էլ ինչ որ չափով տգետ ենք։ Ցավը նա է , որ դուք զուրկ եք մարդկային խղճից։ Չեմ խոսում ազգային խղճի, քաղաքացիական խղճի մասին, որոնցից դուք չափազանց հեռու եք։

Դուք չեք տեսնում լավ գործերը։ Դա էլ ոչինչ: Չե՞ք հասկանում, որ գոնե հիմա պահն է տեսնելու ու գիտակցելու, ոչ թե մրթմրթալու, չեղած խելքը զոռելու։ Չե՞ք գիտակցում, որ ձեր պոլիտիկանությունը վտանգավոր է հայրենիքի համար։ Ով հայոց «ընդդիմադիրներ», ես ընդդիմանում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունից ու հոգևոր հայրենիքի ծառայի իրավունքով։ Սակայն, թող չթվա թե ցանկանում եմ ձեզ դաստիարակել։

Ձեզ ընդդիմանալով ձեզ հետ չեմ խոսում, այլ մեր ազգի, որ ձեզանից հեռու մնան, նաև ձեր հետևից քարշ եկողների, մոլորվածների, ողորմությամբ ուրախացողների, մի քիչ էլ օտարախոս քաղքենիների, որ խաբար չեն իրենցից։ Ձեր հետևից քարշ եկողները գավառական քաղքենիներ են, որոնց խելքը և խիղճն իրենց փորում է։ Անհրաժեշտ է խղճալ նրանց, նաև մեզ, որ կրում ենք օտարախոս քաղքենու ներկայությունը մեզ մոտ, չգիտակցելով, թե որքան վտանգավոր է հայրենիքից լեզվով օտարվածը, որ մեծ երկրի մայրաքաղաքից խելք է խրատ տալիս, հետո էլ չափն անցնում, լուտանք և սպառնալիք թափում հայրենիքի գլխին, թե «մեծը» որ ուզենա․․․

Որտե՞ղ եք, «քաղաքագետ» հայեր, ինչու՞ չեք փակում փափկասուն տիկնոջ կեղտոտ բերանը։ Լռեցրեք մարդատյաց արարածին, որ հայկական ազգանուն է կրում ու սպառնում է հայությանը մեծ տերության անունով։ Վայրահաչությունը լուրջ չէ, սակայն գիտենք, թե անլրջությունն ու անտարբերությունը ինչ աղետներ է բերում։

Գուցե ասեք, թե այն երբեմնի վարչապետի հրավերն ուղղված մեր ոխերիմ հարևանին, թե ժամանակն է, արի ազգս ջարդի, ևս լուրջ չէ։ Ի՞նչ անուն տանք, ասենք լուրջ չէ՞, կատա՞կ է անում, թե՞ հոգեբուժարան ուղարկենք։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ դիմում, մի հանձնվեք վայրահաչությանը, ականջ մի կախեք կիսագրագետ ու հայհոյող երեսփոխաններին և հեռու մնացեք ողորմություն բաժանող, ձեզ սոցիալական կախման մեջ գցող «բարեգործից»։

Այսօր յուրաքանչյուր գործարար պետք է մտածի թե ի՞նչ է տվել ի ինչ է տալու հայրենիքի պաշտպանությանը։ Մեր իշխանությունն արել է հնարավորը և անհնարինը պաշտպանության համար, արել է էն, ինչ չի արվել մեր նոր պատմության ընթացքում։ Ով այս ամենը չի գիտակցում, տհաս է, ով հասկանում է ու գռմռում, դավաճան է անգիտակցաբար։

Եթե չեք կարող օգնել մեր իշխանությանը, գոնե լռեք, հեռու մնացեք էն անձանցից, որոնց հայրենիքն իրենց շահն է։ Եվ թող իր կուտակածով պարծեցողը հայրենիքի անուն չտա, ձայնը կտրի, նստի իր աղբակույտի վրա։ Պատմությունը ոսկե տառերով է գրելու ազգի ընտրյալի անունը, իսկ վայրահաչողներին և դավաճաններին․․

Մոլորվածներին եմ ասում, բացեք ձեր աչքերը, որովհետև ասված է՝ «լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք

Հենրիկ Հովհաննիսյան


Put up Views:
13