Սպանված-Ջիվան-Հարությունյանի-քրոջ-բաց-նամակը-Ջավահիր-Ծառուկյանին

Փետրվարի տասին Երևանի Հերացու անվան թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում մահացած Աբովյան քաղաքի բնակիչ 21 տարեկան Ջիվան Հարությունյանի քույրը բաց նամակով դիմել է ԲՀԿ առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին:

Հիշեցնենք, որ 21 տարեկան երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի քսանիննին՝ Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում կատարված վիճաբանության, ծեծկռտпւքի ու կրակпցների արդյունքում մի խումբ մարդկանց հետ հրազենային վնասվածք ստանալու պատճառով: Ջ.Հարությունյանը նախկին պատգամավորի ազգականն էր:

«Բաց նամակ Ջավահիր Ծառուկյանին».

Նման կերպ է վերնագրել իր ասելիքը երիտասարդի քույրը. ներկայացնում ենք նամակը ամբողջությամբ.

«29.01.2019 թվական. ամսաթիվ, որ միգուցե Ձեզ համար սովորական է, սակայն մի ամբողջ գերդաստանի համար հավերժ սևով ներկված: Այդ օրվանից լուրերի մեջ շրջանառվում է միայն Մանուկյան ազգանունը, ու ես՝ լինելով Մանուկյան «Կլանի» ներկայացուցիչ, ինչպես լրատվամիջոցներն են շահարկում, Ձեզ մեկ հարց ունեմ։

Հե՞շտ է գիշերը գլուխը դնել բարձին ու հանգիստ քնել՝ մտածելով, որ միգուցե Ձեր որդու հրամանով հիմա ինչ-որ մեկը կյանքին հրաժեշտ է տալիս, իսկ պատճառը պարզ է. նա կարծում է, որ Աբովյան քաղաքը իրենն է, ու բոլորը պիտի իրեն հնազանդվեն և ենթարկվեն, հակառակ դեպքում մահը անխուսափելի է դառնում։

Նրա տված հրամաններից մեկի արդյունքում եղբորս ընկերը՝ 30 ամյա Արտաշես Գևորգյանը, տեղում մահացավ, իսկ եղբայրս՝ Ջիվան Հարությունյանը, ով երեկ կլիներ 21 տարեկան, 12 օր կյանքի և մահու կռիվ տալուց հետո ևս կյանքից հեռացավ:

Ի գիտություն Ձեզ ու շատերի՝ մեր Ջիվանը մի բացառիկ լուսավոր մարդ էր, օժտված աննկարագրելի բարությունով, մարդասիրությամբ, ջերմ և կարեկցող բնավորությամբ և ուրիշ կարևոր մարդկային արժանիքներով, որոնք, թերևս, կիլոմետրերով հեռու են Ձեր տղայից և նրա շրջապատից։

Իմ այս խոսքերը կարող է փաստել ցանկացած ոք, ով գեթ մեկ անգամ շփում է ունեցել նրա հետ։ Այդ չարաբաստիկ օրն էլ նա դեպքի վայրում էր հայտնվել՝ րոպե առաջ եղբայրների կողքին լինելու ցանկությունից դրդված։

Այժմ խնդրում եմ ասեք, թե որդեկորույս ընտանիքները ո՞նց են շարունակելու ապրել, իսկ Ձեր որդին ազատության մեջ իր հաճույքները վայելել։ Ի՞նչու Ձեր տղան պետք է շարունակի ապրել, իսկ իմ եղբորից մնան միայն հիշողություններ: Հե՞շտ է լինել մարդասպանի մայր՝ հասկանալիվ, որ Ձեր մեղքի բաժինը մեծ է այսպիսի հրեշ մեծացնելու և դաստիարակելու գործում, հե՞շտ է ապրել և վայելել կյանքը՝ իմանալով, որ դուք շատերին զրկել եք կյանքից և մարել շատ ընտանիքների օջախի լույսը։

Ձեր մեղքի բաժինը մեծ է նաեւ այն բանի մեջ, որ Ձեր տղային շրջապատել եք անսիրտ, անհոգի արարածներով, որոնց համար մարդկային կյանք խլելը ոչ այլ ինչ է, քան առօրյա զբաղմունք։ Պարզ չէ, թե ինչքան ճակատագրեր դեռ պետք է խեղաթյուրվեն ձեր ընտանիքի թեթև ձեռքով: Հույս ունեմ, որ նույնիսկ եթե օրենքով պատիժ չկրեք ձեր մեղքերի համար, պատասխան կտաք Աստծո դատաստանի առաջ։

Հ.գ. Ձեր տղային սխալ անուն եք ընտրել. Նվերի փոխարեն պիտի Պատիժ դնեիք»։


Post Views:
24