Մարտի-1-ի-գործով-տուժողի-ներկայացուցիչը-սպանությունների-վերաբերյալ-անջատված-մասով-գործում-հնարավոր-համարում-է,-որ-նոր-հոդվածներ-առաջադրվի

Երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց 300․1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին և Արմեն Գևորգյանին, դրանից հետո էլ, ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանը այդ հոդվածով  քրեական հետապնդումը դադարեցրեց և գործը կարճվեց։

Սակայն Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Արմեն Գևրոգյանը նաև  հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ և այդ մասով նիստը շարունակվելու է։

Հիշեցնենք նաև, որ  ՀՀ գլխավոր դատախազը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան:

Մարտի 1-ի գործի կարճման վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Մարտի 1-ի գործով տուժող Անդրանիկ Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանի հետ։

Նա նշեց, որ եթե օրինակ՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց դատախազության պահանջած հոդվածը, դատարան  այլևս կարճման որոշում է կայացրել, դա կարող է նոր հանգամանք հանդիսանալ  Վերաքննիչ դատարանում գործը բեկանելու։

«Բայց այս պարագայում դատախազության պահանջած հոդվածն էլ է աբսուրդ, որովհետև վաղուց այդ  309-րդ  հոդվածի վրա վաղեմության ժամկետ է կիրառվում։ Այսինքն՝ դատախազությունը և ընդհանրապես իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Մարտի 1-ի գործը մտնի փակուղի»,-ասաց Արա Ղարագյոզյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՔԾ-ում Մարտի 1-ի  անջատված մասով դեռ շարունակվում է սպանությունների վերաբերյալ քննությունը, բայց այնտեղ ոչ մեղադրյալ կա, ոչ էլ որևէ անձ կա ներգրավված, պարզապես քննություն է իրականացնում։ Փաստաբանը կարծում է, որ այդ գործի շրջանակներում  հնարավոր է նոր հոդվածներ առաջադրվի, բայց այս դատաքննության փուլում, որ ինչ-որ արարք վերաորակվի, նման օրենսդրական կարգավորում չկա, օրենքը չի թույլատրում դատարանին հոդված փոխել։

«Այս իշխանությունների օրոք որևէ գործողություն անելը  իմաստազուրկ է, քանի որ ամեն ինչ տապալել են, ՍԴ-ն այնպիսի որոշում կայացրեց, որով գտնում ենք, որ տուժող կողմի իրավունքները խախտվել են։ Բայց ցավոք սրտի, եթե հոդվածը հակասահմանադրական է, էլ որևէ բան չես կարող պահանջել։ Ես կսպասեմ կարճման որոշումը ստանանք, որ տեսնենք, թե ինչ հիմնավորումներ է  դատարանը դրել, նոր ըստ այդմ կորոշենք ինչ անել»,- ասաց Արա Ղարագյոզյանը։


Post Views:
23