Մանուկը-Ծառայության-Էր-Մեկնել-2020-Թ․-Հուլիսի-28-Ին,-Իսկ-Սեպտեմբերի-27-Ի-Գիշերը,-Լույս-28-Ին-Զոհվել-Է

Մանուկ Սոսի Թորոսյանը շատ երազանքներ ուներ, բայց չհասցրեց դրանք ի կատար ածել, որովհետեւ անմահացավ Արցախյան երկրորդ պատերազմում` իր սերնդակից այլ պայծառ երիտասարդների թվում:

Նա ծնվել էր 2002 թ. մայիսի 9-ին, շատ երիտասարդ էր: Հորեղբոր որդին՝ Պարգեւ Թորոսյանը, պատմում է, որ Մանուկը փայփայված երեխա էր` երեք քույրերի եղբայր, հայրը՝ Սոսը, երազում էր տղա ունենալ, ու հպարտ էր Մանուկի ծննդով:

«Սոսն ասում էր, որ կինը՝ Նունեն իրեն Հաղթանակի օրվա առիթով մեծ նվեր է արել տղայի ծննուդով»,-հավելում է մեր զրուցակիցը:

Մանուկը ծառայության էր մեկնել 2020 թ․ հուլիսի 28-ին, իսկ սեպտեմբերի 27-ի գիշերը, լույս 28-ին զոհվել է: «Վերջին անգամ իր մայրիկի հետ սեպտեմբերի 26-ին էր խոսել: Դա Մանուկի վերջին զանգն էր»,-ասում է հորեղբորորդին ու դժվարանում է հերոսի մասին պատմել, որովհետեւ հուզմունքը խեղդում է:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

«Շատ համեստ, խելացի, շնորհքով երեխա էր, երեք քրոջ միակ եղբայրը՝ անչափ սիրված, միեւնույն ժամանակ շատ հումորով էր: Շատ սպասված երեխա էր, պատկերացեք, քույրը 15 տարով մեծ էր իրենից… Մանուկը ընկերների կողմից էլ էր հարգված»,-ասում է նա:

Մանուկն Ախուրյանում դպրոց էր ավարտել, ապա վարժարան ընդունվել, ուզում էր ոսկերիչ դառնալ: «Ուսումը թողել, գնացել էր սրտի վիրահատություն տարած հոր մոտ Ռուսաստան, բայց վերադարձավ, որ զինվորական ծառայության մեկնի:

Քանի որ կորոնավիրուս էր, հորեղբայրս ասում էր՝ Մանուկ ջան, դա պատճառ է, որ մնաս, ճանապարհները փակ են, բայց Մանուկն ասել էր՝ չէ, պետք է վերադառնամ, իմ պարտքը կատարեմ հայրենիքի հանդեպ»,-հավելում է Պարգեւը:

Նշում է, որ ծառայության երկրորդ ամիսը լրանալու օրն է զոհվել եղբայրը. «Նա Արցախի նախագահի կողմից Մարտական ծառայության մեդալի է արժանացել: Հիմա իր ծառայակիցների հետ կապը պահում ենք, շատ լավ բաներ են պատմում իր մասին… Ինքը զոհվել է զինակից ընկերոջ հետ նույն օրը՝ բեկորային վնասվածքներից՝ Ջրականում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


Post Views:
1