Բոլորովին վերջերս սիրված ու ճանաչված երգչուհի Հասմիկ Կարապետյանը հայտարարել էր, որ հայրենքիը լքելու մեծ ցանկություն ունի:
Թեև երգչուհին նշում է, որ Հայաստանում ապրելու, ստեղծագործելու, ինչպես նաև իր զավակների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ցանկությունը մեծ է, սակայն հայաստանյան իրականությունն ու վերջերս տեղի ունեցած չարաբաստիկ դեպքերը հակառակն են ստիպում:
Այս մասին «Իրավունքը» զրուցեց երգչուհու հետ:
— Հասմի՛կ, վերջերս նշել էիք, որ ցանկանում եք արտագաղթե, ինչո՞ւ:
— Մեր չարացած ազգը ,ցավոք, իմ նախորդ հարցազրույցը սխալ էր հասկացել: Ցանկությունս այն է, որ իմ երեխաները մեծանան Հայաստшնում, սակայն վերջին դեպքերն ինձ մտափոխել են: Իմ այս խոսքերը որոշ մարդիկ շատ սխալ էին հասկացել: Նրանց թվացել էր, որ արդեն ինքնաթիռի տոմսերը գնել ու Հայաստանից հեռանում եմ: Անկեղծ ասած՝ մինչև վերջին չարաբաստիկ դեպքերն էի ցանկանում արտագաղթել: Ամուսինս ամերիկահայ է:
Կարծում եմ շատ նորմալ է, որ ես հեռանամ Հայաստանից: Ես խորապես ցավում եմ մեր ազգի համար: Գիտակցում եմ, որ գուցե վերջին դեպքերն են այսքան չարացրել մարդկանց, սակայն ամեն ինչ իր չափն ունի, այս աստիճանի պետք չէ չարանալ: Ամեն մարդ իր կյանքն ունի, ամեն մարդ ինքն է ընտրում իր կյանքի ճանապարհը: Տեսնելով հայաստանյան իրականությունը՝ տեսնելով թե ինչպես են բարձրագույն կրթություն ստացած մարդիկ բանվոր ու վարորդ աշխատում, ես ցանկանում եմ, որպեսզի իմ երեխաները կրթություն ստանան ԱՄՆ-ում՝ ստեղծելով խոստումնալից ապագա: