Սուր շնչառական վարակների համար ամենածանր շրջանը ձմեռն է, բայց ի տարբերություն որոշ երկրների, որտեղ կորոնավիրուսի մեծ բռնկումներ կան, Հայաստանում բավակին մեղմ ընթացք է, մեր մահճակալային ֆոնդն արդեն թերծանրաբեռնված է, բայց պատրաստվում ենք համավարակի երրորդ ալիքին: Հնարավոր է կորոնավիրուսի վարակակիրների թվի աճ գրանցվի հունվարի երկրորդ կեսին՝ կապված նաև ամանորյա տոներին մարդկանց շատ շփումների հետ, սակայն վարակակիրների թիվը ավելին չի լինի, քան վարակի երկրորդ ալիքի ժամանակ գրանցվեց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ համավարակի երկրորդ ալիքի ժամանակ, որի մի շրջանը համընկավ պատերազմական օրերի հետ,
հակահամաճարակային կանոններին հնարավոր չէր խստորեն հետևել, և դա բերեց հիվանդացության մեծ թվերի, և բազմաթիվ մարդիկ արդեն հիվանադացել և լավացել են: Նախարարի հավաստմամբ՝ ըստ վերջին օրերի տվյալների՝ կովիդը Հայաստանում նահանջում է: Անդրադառնալով կորոնավիրուսի նոր տեսակի տարածման հետ կապված՝ աշխարհի տարբեր երկրներում առաջացած խուճապին, նախարարը նշեց, որ այդ մուտացիան ի հայտ է եկել սեպտեմբերին, դա ավելի արագ է տարածվում,
բայց չկան տվյալներ, թե այն արդյոք ավելի ծանր է ընթանում, թե ոչ. «Մենք որոշել ենք սպասել այս հարցի հստակեցմանը»: Արսեն Թորոսյանի խոսքով՝ պատվաստումները և կոլեկտիվ իմունիտետի առաջացումը կբերեն նրան, որ կորոնավիրուսը կդառնա սեզոնային վարակ, ամառային պիկեր չեն լինի, կլինեն միայն ձմեռային պիկեր, և դրան կսկսենք վերաբերվել որպես հերթական սեզոնային հիվանդության: Նախարարը հույս հայտնեց, որ պատվաստանյութը կնպաստի դրան, և հավելեց, որ ինքն արդեն պատվաստվել է: «Պատվաստանյութերի առումով մրցակցություն է. մենք միշտ հակված
ենք եղել համագործակցային մոտեցման, անդամագրվել ենք մի հարթակի և նախնական գնում ենք կատարել, որը Հայաստան կհասնի ապրիլ-մայիսին, միևնույն ժամանակ բանակցություններ են ընթանում, վերջին լուրն այն է, որ արագության առումով մեզ համար ամենահասանելի պատվաստանյութը ռուսական Sputnik V պատվաստանյութն է: Մենք պատվաստանյութի 1000 գնում կկատարենք, սկզբում կպատվաստվեն բուժաշխատողները»:
Նախարարը խորհուրդ տվեց ամանորյա տոներին սննդի և ալկոհոլի օգտագործման առումով զգույշ լինել, որպեսզի հիվանդանոցներն ավելորդ չծանրաբեռնվեն, և համաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ հնարավորինս նվազեցնել շփումները: