Փաստեր
• Ծնվել է 1965թ. մայիսի 8-ին Երեւանում:
• Գերազանցությամբ ավարտել է Երեւանի թիվ 21 միջնակարգ դպրոցը: 1987թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը:
• Մասնագիտական վերապատրաստումը անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում:
• Թատերական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է:
• 1992թ. լրագրող է աշխատել «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում: 1999-2006թթ.`«Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան: 2007թ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:
• 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
• 2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
• Ունի մեկ դուստր եւ մեկ թոռնիկ:
– Մասնագիտությամբ թատերագետ եք, աշխատել եք լրագրող, այժմ քաղաքական գործիչ եք: Ո՞ր ասպարեզն է Ձեզ առավել հոգեհարազատ:
– Այո ես ավարտել եմ Երեւանի Թատերական ինստիտուտը, որը այդ տարիներին իրապես համապարփակ եւ համակողմանի կրթություն էր տալիս, հատկապես մեր՝ թատերագիտական ֆակուլտետը, որտեղ մեր խմբի ղեկավարն էր մեր լավագույն թատերագետներից մեկը՝ Հենրիկ Հովհաննիսյանը:
Շատ հետաքրքիր աշխատակարգ կար ինստիտուտում. ուսանողներն ամեն տարի ուսումնական պրակտիկա էին անցնում Մոսկվայի առաջատար թատրոններում: Ես, որպես ինստիտուտի լավագույն ուսանողներից մեկը, իրավունք ունեի ընտրելու, թե ո՞ր թատրոնում անցկացնել իմ պրակտիկան: Առ այսօր համոզված եմ, որ Մոսկվայի լավագույն թատրոնը Լենկոմն է, ուստի ես մշտապես ընտրում էի հենց այդ թատրոնը։
Ես իրապես երջանիկ եմ, որ շփվել եմ այնպիսի վարպետների հետ, ինչպիսին Օլեգ Յանկովսկին է, Ալեքսանդր Աբդուլովը, Յեվգենի Լեոնովը, Իննա Չուրիկովան եւ այլք։ Դա իսկապես անչափ հետաքրքիր դպրոց էր ինձ համար: Ուսումս ավարտելուց հետո մասնագիտությամբս չեմ աշխատել: Մոսկվայի թատրոններից վերադառնալով Երեւան եւ տեսնելով մեր թատրոնների այն ժամանակվա վիճակը՝ ինչ-որ բան ինձ ետ պահեց թատերագիտությամբ զբաղվելուց:
Իմ տեսակով ես բոհեմական մարդ չեմ, չեմ սիրում բոհեմական միջավայր, իսկ մեզանում մշակույթի, թատրոնի մարդը ընկալվում է որպես «բոհեմական իրականության եւ միջավայրի» մասնիկ, ինչն ինձ մշտապես վանել է նման միջավայրերից։