[ad_1]
Դաղստանի աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախկին նախարար Ռասուլ Իբրահիմովը մեղադրվում է հանցավոր խումբ ստեղծելու եւ առանձնակի խոշոր չափերով խարդախության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ ՔԿ մամուլի ծառայությանը:
Քննության վարկածով՝ 2017 թվականից մինչեւ 2018 թվականի սեպտեմբերն Իբրահիմովը ստեղծել է Դասղտանում հանցավոր կազմակերպություն: Դրանում են ներառվել աշխատանքի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները: Հանցախմբի գլխավոր նպատակն էր բյուջետային միջոցների հափշտանկումը, որոնք հատկացված էին քաղաքացիների սոցիալական սպասարկման համար:
Նշվում է, որ Իբրահիմովը հանցախմբի անդամների հետ միասին 2017-2018 թվականներին հափշտակել է ավելի քան 620 միլիոն ռուբլի: Այդ գումարը նախատեսված էր տարեց քաղաքացիների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման համար: Նաեւ նրանք տրամադրում էին չհիմնավորված եւ չափազանց բարձր պարգեւավճարներ ենթականերին:
Հանցագործությունը բացահայտելու գործում մասնակցել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:
Իբրահիմովը բերման է ենթարկվել, առաջիկայում դատարանում միջնորդություն կներկայացվի որպես խափանման միջոց կալանքը ընտրելու մասին:
Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ին քաջատեսյակ աղբյուրը հաղորդել էր, որ Դաղստանի զբոսաշրջության եւ ժողովրդական արդյունաբերության հարցերով նախարարի պաշտոնակատար Ռասուլ Իբրահիմովը տեղափոխվել է քննչական կոմիտե հարցաքննության համար հանրապետության աշխատանքի նախարարությունում գնումների մասին ավելի վաղ հարուցված քրեական գործի շրջանակում: Նա հիշեցրել է, որ Իբրահիմովը 2017 թվականի փետրվարից մինչեւ 2018 թվականի նոյեմբերը գլխավորել է Դաղստանի աշխատանքի նախարարությունը: