[ad_1]
Հորդանանի արքայազն, նախկին թագաժառանգ Համզան ստորագրել է նամակ, որով խոստացել է հավատարիմ մնալ իշխող Հաշեմյան միապետական ընտանիքի ավանդույթներին և մոտեցումներին, հայտնել է արաբական Al Jazeera լրատվականը։
Արքայազնն իր նամակում գրել է․«Ես ինձ հանձնում եմ Նորին մեծություն արքային։ Ես միշտ հավատարիմ կմնամ Հորդանանի սիրելի Հաշեմյան Թագավորության սահմանադրությանը և միշտ կօգնեմ և կաջակցեմ Նորին մեծություն արքային և նրա թագաժառանգին։ Հայրենիքի շահերը պետք է վեր մնան ցանկացած քննարկումից: Մենք բոլորս պետք է թագավորի թիկունքին կանգնենք՝ Հորդանանը և նրա ազգային շահերը պաշտպանելու հարցում»։
Նամակը հաջորդել է թագավոր Աբդուլլահ 2-րդի կողմից՝ ընտանիքում առկա տարաձայնությունները վերացնելու վերաբերյալ միջնորդությանը համաձայնություն տալուն, ինչպես նաև արքայազն Հասանի և թագավորական ընտանիքի այլ բարձրաստիճան անդամների հետ հանդիպմանը։
Al Jazeera-ն նշել է, որ պալատում ասվում է, թե Աբդուլլահը խնդրել է իր հորեղբորը՝ արքայազն Հասանին՝ «արքայազն Համզայի շուրջ առկա իրավիճակը կարգավորել Հաշեմյան ընտանիքի շրջանակում»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Հորդանանի նախկին թագաժառանգ արքայազն Համզան տնային կալանքի տակ է՝ թագավորությունում «անվտանգության և կայունության» դեմ ուղղված գործողությունների մեղադրանքով։ Հորդանանի փոխվարչապետ Այման Սաֆադն ասել է, որ արքայազնն օտարերկրյա ուժերի հետ երկիրն ապակայունացնելուն ուղղված «չարամիտ դավադրության» մաս է կազմում։
Հորդանանի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ` դավադրության գործով ձերբակալվել է 14-ից 16 մարդ՝ այդ թվում ֆինանսների նախկին նախարար Բասեմ Իբրահիմ Աուադալլահն ու թագավորական ընտանիքի անդամ Շարիֆ Հասան բեն Զաեդը: Միևնույն ժամանակ, բանակի հրամանատարությունը հերքել է նախկին թագաժառանգ արքայազն Համզայի ձերբակալման մասին տեղեկությունը:
Համզան, որին Աբդուլլահ 2-րդը զրկել է թագաժառանգի տիտղոսից 2004 թվականին, մեղադրել է Հորդանանի ղեկավարությանը կոռուպցիայի, նեպոտիզմի և ավտորիտար կառավարման համար: Շաբաթ օրը BBC-ին ուղղարկած տեսանյութ արքայազնն ասել էր․ «Ոչ ոք ի վիճակի չէ որևէ բանի մասին խոսել կամ կարծիք հայտնել՝ առանց բռնության, ձերբակալման, հետապնդումների և սպառնալիքների ենթարկվելու»։
Այս միջադեպից հետո արքայազն Համզան արժանացել է զգալի թվով հորդանանցիների համակրանքին, որոնք կարծում են, որ այժմ արքայազնին վարկաբեկելու արշավ է սկսվել։
Հորդանանի բանակի շտաբի պետ, գեներալ Յուսեֆ Հունեյթին ասել է, որ զորքերը դեմ են կանգնելու յուրաքանչյուրին, ով «կփորձի վտանգել ազգի անվտանգությունը, սարսափեցնել նրա քաղաքացիներին և սպառնալ թագավորության անվտանգությանն ու կայունությանը»:
Համզան Հորդանանի ներկայիս Աբդուլլահ Առաջին թագավորի կրտսեր խորթ եղբայրն է և նախկին թագավոր Ալ Հուսսեյն Առաջինի և նրա 4-րդ կնոջ՝ Նուր թագուհու առաջնեկը։ 2004 թվականին, գահ բարձրանալուց 5 տարի անց, Աբդուլլահ թագավորը արքայազն Համզային զրկել է «թագաժառանգ» տիտղոսից՝ նշելով, որ այն համադրելի չէ իր ստանձնելիք պաշտոնների հետ։ Երկուսի միջև հարաբերություններում ոչ մի բացահայտ մրցակցություն առ այսօր չի եղել։
Հիշեցնենք, որ սա Թագավորությունում հազվագյուտ միջադեպ է։ Հորդանանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցն է և տարիներ ի վեր ամենակայուն պետությունը։