«Վերջին շրջանում շատ հանդիպումներ եմ ունենում զոհված զինվորների, անհետ կորած զինվորների, գերեվարված զինվորների հարազատների հետ, և նրանք դրվագներ են պատմում, որոնք իսկապես պետք է արժանանան լրջագույն քննության: Երեկ, օրինակ, այդպիսի մի հանդիպում ավարտվել է նրանով, որ զինվորների հարազատները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, և Քննչական կոմիտեի ներկայացուցիչները այդ հաղորդումը պետք է ընդունեին, և սկսվեր քննություն: Եվ կան նաև հրապարակային վկայություններ այն մասին, որ պատերազմի ընթացքում ինչ-որ մարդիկ
շրջել են զորքերով և ասել են, որ կռվելն իմաստ չունի, որովհետև հողերը հանձնված են, հողերը վաճառված են»,- Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս բոլոր երևույթները պետք է արժանանան քննության և արժանանում են քննության: Այլ բան, որ հիմա, էլի եմ ասում, շատ մեծ ուժեր են կենտրոնացած, այդ թվում՝ Քննչական մարմինների, անհայտ կորած զինվորների, զոհված զինվորների ճակատագրերը պարզելու ուղղությամբ: Եվ ես լիարժեք կիսում եմ այն կարծիքը, որ այս ամբողջ պատմությունը պետք է համապարփակ քննության ենթարկվի, և հանրությունը պետք է ունենա ամբողջական պատասխաններ: