[ad_1]
Ես կարծում եմ, որ ընտրություններին ինձ աջակցելու են 10 մլն հայ, քանի որ այն համահայկական ծրագիրը, որ մենք ներկայացնում ենք, բոլորի կողմից հավանության կարժանանա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործարար Երվանդ Թարվերդյանը, ով տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցելու է «Միացյալ Հայաստան» կուսակցությամբ, որը ստեղծման փուլում է, կուսակցության ցուցակը գլխավորելու է ինքը:
«Մեր կուսակցությունը ստեղծվելու է ազգային գաղափարախոսության շուրջ՝ ազգի գերագույն շահերը սպասարկելու համար, կուսակցության հիմնադիր համագումարը կլինի ապրիլի 10-ին: Մենք առաջարկում ենք ունենալ կայուն, հզոր տնտեսություն, որի բազայով կստեղծվի շատ հզոր Հայաստան, ընդ որում՝ մենք գիտակցում ենք այն Հայաստանը, որ ունենք, բայց դա հայկական լեռնաշխարհի սահմանազատած Հայաստանն է»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը հայտարել է, թե պետությանը ծառայելու տենչանքով է մտնում քաղաքականություն, նմանատիպ հայտարարություն իշխող քաղաքական մեծամասնությունն էլ էր ժամանակին արել և տեսանք՝ ինչ եղավ, Երվանդ Թարվերդյանն ասաց. «Գիտեք՝ ես ունեմ 50 տարվա փորձ, 50 տարի ապրել եմ այս հանրապետությունում, այս քաղաքում: 50 տարի մարդիկ շփվել են իմ հետ, կարծում եմ՝ նրանք, ովքեր շփվել են ինձ հետ, համոզվել են, որ ես սկզբունքային մարդ եմ, շատ խիստ մարդ եմ, ցանկացած բան, որ ասում եմ, իրականցնում եմ, ընդ որում՝ իրականացնում եմ իմ ասած ժամկետներից ավելի շուտ»,-ասաց նա: Ըստ նրա՝ ցանկացած քաղաքական ուժ պետք է ձգտի գալ, իշխանության, բայց դրանից հետո ձգտի ծառայել պետությանը:
Անդրադառնալով հարցին, գուցե բիզնես շահերից ելնելո՞վ է ուզում հայտնվել խորհրդարանում, մամուլում տեղեկություններ կան, թե խնդիրներ ունեն Սամվել Ալեքսանյանի հետ, Երվանդ Թարվերդյանն ասաց.
«Մենք խնդիրներ չունենք Սամվել Ալեքսանյանի հետ, այլ նրա կողմից, կամ նրա բարեկամների կողմից հիմնադրված ընկերությունները խնդիրներ ունեն օրենսդրության հետ: Այլ ապրանքային նշանների արատադրության դեպքում որոշ դեպքերում մեր կազմակերպության կողմից ներմուծված արտադրանքներ են եղել, հակամենաշնորհային կոմիտեն որոշակի տուգանքներ է սահմանել նրա նկատմամբ, սակայ անձամբ ոչ մի խնդիր չկա, կա օրենքի գերակայություն, կա պատասխանատվություն՝ խախտման համար»,-մանրամասնեց նա:
Անդրադառնալով ընտրություններից առաջ կամ հետո Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքի կազմման հնարավորությանը՝ Երվանդ Թարվեդյանն ասաց, որ դրա մասին չի ցանկանում այս պահին խոսել, խորհրդարանում ներկայացվածություն ունենալուց հետո պարզ կլինի՝ իրենք են դաշնակցում, թե իրենց հետ են դաշնակցում:
Նա ընդգծեց, որ մրցակիցներ չի տեսնում, իր դիտարկմամբ՝ ցանկացած հայ պիտի լինի պետականապաշտ, ազգայնապաշտ, ինչ վերաբերում է խոսակցություններին, թե իրենց ուժը ռուսամետ է լինելու, ասաց, որ ինքը պրոհայկական է: Նա նաև ընդգծեց, որ չպետք է համակերպվել Արցախի տարածքների 75 տոկոսի կորստի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: