[ad_1]
Հադրութից ու Շուշիից տեղահանված շուրջ չորս հարյուր արցախցի, ովքեր պատերազմի օրերից ապաստանել են Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր եւ Գոլդեն Փելես հյուրանոցներում, փորձում են վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստան համահայկական հիմնադրամը։
«Ընտանիքներն անհամբերությամբ սպասում են իրենց բնակարանային հարցի կարգավորմանը, բայց բաց չեն թողնում նաեւ որեւէ կերպ զբաղված լինելու առիթը: Նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզի ծառությունից օգտվում են հենց տեղում, իսկ դպրոցականները հաճախում են մոտակա կրթական հաստատություններ: Կանայք ու տղամարդիկ էլ հերթափոխով եւ շաբաթվա համար հատուկ մշակված ճաշացանկով հանձն են առել սննդի պատրաստման ու սպասարկման գործառույթը: Պահեստներում ամբարված մթերքը ստանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորմամբ:
«Յուրաքանչյուր շաբաթվա համար ունենք հաստատված մենյու, օրվա պատասխանատուն բաշխում է սննդամթերքը, իսկ հերթապահներն անցնում են նախաճաշի, ճաշի ու ընթրիքի պատրաստմանը»,-ասաց Հադրութի բնակիչ Սուսաննա Առուստամյանը:
Արցախցիներից մի մասի զբաղվածության հարցն էլ լուծել է «Փրոջեքթ Հոփ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հյուրանոցների տարածքում արդեն չորս ամիս է՝ գործում է կարի արտադրամաս, որտեղ ներկայում զբաղված է 20-ից ավելի արցախցի: Նրանք նախ անցել են վերապատրաստում, ապա սկսել աշխատանքը նորաբաց արտադրամասում, որտեղ բարձ, վերմակ եւ անկողնային այլ պարագաներ են կարում արցախցի մյուս ընտանիքների համար: Արտադրամասի առաջին պատվիրատուն «Հայաստան» համահայկական հիմնադրամն էր, որը մինչ այժմ ձմեռային անկողնային հավաքածուներ է տրամադրում պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված եւ Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող ընտանիքներին:
«Փրոջեքթ Հոփ Արմենիա» ՀԿ-ի մարքեթինգի մասնագետ Ջուլիետա Նիկողոսյանի խոսքով՝ համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է, այս պահին պատրաստում են անկողնային պարագաների երկրորդ խմբաքանակը: «Արցախցիները բաժանվեցին խմբերի, մենք նրանց սովորեցրեցինք կար ու ձեւ, իհարկե, բոլոր նրանց, ովքեր ցանկացան: Մի քանի ամսվա ընթացքում նրանք այնքան են հմտացել, որ կարողանում են ընդունել կարի հետ կապված ցանկացած պատվեր՝ մեկանգամյա հողաթափերից սկսած մինչեւ խալաթներ եւ անկողնային պարագաներ»,-նշեց Ջուլիետա Նիկողոսյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայում շուրջ 13 արցախցի սպասում է դասընթացների իր հերթին, որից հետո կանցնի աշխատանքի»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Վերջերս մասնագիտացել են նաեւ անթեւ բաճկոնների արտադրության գործում: Առաջիկայում էլ նախատեսում են ընդլայնել գործունեությունն ու կաշվե իրերի արտադրություն հիմնել՝ հավելյալ աշխատատեղեր ստեղծելով արցախցիների համար՝ զարգացնելով նաեւ նրանց միջին մասնագիտական հմտությունները: