[ad_1]
Ավստրալացի և չինացի հետազոտողները լայնածավալ ուսումնասիրության են ենթարկել Չինաստանի Յունյան նահանգի շրջաններից մեկում բնակվող չղջիկներից ստացված կենսանյութերը և կորոնավիրուսի 4 գենոմ են հայտնաբերել, որոնք կապ ունեն SARS-CoV-2 վիրուսի հետ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է հետազոտության արդյունքներում, որոնք հրապարակվել են bioRxiv պորտալում:
«Մենք ուսումնասիրել ենք 411 փորձանմուշ՝ վերցված 23 տեսակի չղջիկներից, որոնք 2019 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում բնակվել են Յունյան նահանգի ոչ մեծ շրջանում: Այդ տվյալներից առանձնացրել ենք կորոնավիրուսի 24 գենոմ, այդ թվում՝ 4-ը, որոնք կապված են SARS-CoV-2-ի հետ և ևս 3-ը՝ կապված SARS-CoV վիրուսի հետ»,- ասվում է հրապարակման մեջ:
Վերոնշյալ 4 գենոմներից մեկը՝ RpYN06-ը, SARS-CoV-2-ին առավել նման կառուցվածք ունի (94,5 տոկոսով):
Մասնագետներն ընդգծում են, որ իրենց հետազոտությունը ցույց է տալիս, որ SARS-CoV-2-ին նման վիրուսները մեծ քանակությամբ ապրում են վայրի կենդանիների օրգանիզմներում, որոնք տարածված են Չինաստանի հարավային շրջաններում, ինչպես նաև հարավարևելյան Ասիայում: