Պուտի՞նն-է-կորցրել-կշիռը,-թե՞-Ռուսաստանը.-իսկ-ինչ-կարող-է-անել-հայկական-իշխանությունն-ընդհանրապես

Ռազմագերիների վերադարձի հարցում ապրիլի 7-8-ը տեղի ունեցած իրադարձությունը առնչվում է ոչ միայն զուտ այդ մարդասիրական գերխնդրի լուծմանը, այլև դրանում հնարավոր այդ ակնթարթային շրջադարձով վկայում իրավիճակի քաղաքական և անգամ ռազմաքաղաքական բարդ համատեքստը, որը կարող է տեղ տալ այդօրինակ շրջադարձերի անգամ այն պարագայում, երբ թվում է, որ պայմանավորվածությունները համաձայնեցված են Պուտինի մակարդակում:

Մյուս կողմից՝ այստեղ թերևս չկա զարմանալու կամ անակնկալի գալու ոչինչ, եթե մենք չենք մոռացել ընդամենը ամիսներ առաջ Հայաստանին պարտադրված դաժան պատերազմն ու դրա դրվագները, այդ թվում՝ Պուտինի մասնակցությամբ: Մասնավորապես, 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Ռուսաստանում այդ երկրի արտգործնախարար Լավրովի գլխավորությամբ մոտ 10 ժամ բանակցեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, որպեսզի կայանա համաձայնություն մարդասիրական հրադադարի հարցում: Այդ մարաթոնյան քննարկումից հետո հայտարարվեց, որ համաձայնությունը կայացել է՝ բոլորի մեջ արթնացնելով հույս, որ մեկնարկից տասն օր անց պատերազմը կդադարի և հնարավոր կլինի խուսափել ծանր ու ողբերգական կորուստների հետագա աճից: Բայց հրադադարը ոչ միայն ժամեր անգամ չտևեց, այլև նույնիսկ րոպեներ:

Մինչդեռ, ինչպես հայտարարում էր ՌԴ արտգործնախարար Լավրովը, արտգործնախարարների մակարդակի բանակցությունը գտնվում էր ՌԴ նախագահի ուղիղ հսկողության ներքո, և ինքը պարբերաբար կապվում էր նրա հետ, ստանում ցուցումներ, համաձայնեցնում հարցեր, իսկ ՌԴ նախագահ Պուտինն էլ իր հերթին կապվում էր Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, նրանց հետ համաձայնեցնում հարցեր: Ահա այդ ամենից հետո, թվում է՝ Պուտինի մակարդակով ձեռք բերված այդ համաձայնությունը տևեց րոպեներ, և Բաքուն խախտեց մարդասիրական հրադադարը:

Իհարկե, հանուն արդարության հարկ է նկատել, որ Բաքուն խախտել է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի մակարդակով բանակցված և համաձայնեցված մարդասիրական հրադադարները: Բայց բանն այն է, որ Պուտինն այդ իմաստով ունի հատուկ կարգավիճակ, քանի որ Կովկասը դիտարկվում է Ռուսաստանի համար շահերի հատուկ գոտի, ըստ այդմ՝ ենթադրվում է, որ ՌԴ նախագահն այստեղ պետք է ունենա ավելի լայն ու մեծ ազդեցություն, քան, օրինակ, ռեգիոնից դուրս կամ հեռու գտնվող առաջնորդները կամ սուբյեկտները:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Ուրեմն Պուտինը կորցրե՞լ է հատուկ կարգավիճակն ու դերը: Պուտի՞նն է դա կորցրել՝ որպես ՌԴ նախագահ, ՌԴ կառավարող համակարգի գլուխ, թե՞ այդ դերը կորցրել է Ռուսաստանը: Տեղի ունեցածը մեզ համար իհարկե առաջին հերթին խիստ զգայուն ու կարևոր է մեր տղաների ճակատագրի և անվտանգության, նրանց առավելագույնս արագ հայրենիք վերադարձնելու խնդրի առումով: Միևնույն ժամանակ, դրանից հետո, արդեն քաղաքական իմաստով շատ կարևոր է տեղի ունեցածի համատեքստն ու շերտերը՝ հասկանալու համար տեղի ունեցող տրանսֆորմացիաները: Իսկ դա անհրաժեշտ է հանրայնորեն հետևություն անելու համար, որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի ճակատագրին:

Նախօրեին հայկական մամուլում հրապարակված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար, գեներալ Մուրադովի բավականին նյարդային հայտարարությունը, թե գերիների վերադարձի մասին տեղեկությամբ Հայաստանի պաշտոնյաները մոլորեցրել են հանրությանը, և չի եղել վերադարձի հանգամանք, խոսում է տեղի ունեցող իսկապես լրջագույն շարժերի մասին: Գեներալ Մուրադովը բնականաբար չէր կարող ուղղակի, թե անուղղակի հարվածի տակ դնել իր Գերագույն գլխավոր հրամանատարին, որովհետև խոստովանել վերջին պահին շրջադարձը՝ նշանակում է խոստովանել հենց նրա ձախողումը կամ քաղաքական կշռազրկումը: Այդ իսկ պատճառով ռուսաստանցի գեներալը Հայաստանի իշխանությանն է մեղադրում սուտ տեղեկության համար: Իհարկե, այստեղ էլ առաջանում է այդ իշխանության կշռի հարցը, եթե հաշվի առնենք, որ գերիների մասին տեղեկությունը հաստատել էր ընդհուպ վարչապետի խոսնակը:

Մյուս կողմից՝ կասկածից վեր է, որ Հայաստանի իշխանությունը չէր անի այդպիսի տեղեկություն՝ չունենալով որոշակի հավաստիացում ռուսական կողմից: Եվ հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունը չի անի Մուրադովի կամ առավել ևս Պուտինի ապատեղեկատվության մասին հայտարարություն: Բայց, ի վերջո, այդ ամենով ավելի է սրվում հարցը՝ իսկ ինչ կարող է անել հայկական կողմն ընդհանրապես:


Post Views:
3