Ռուսական-մամուլը՝-հայ-գերիների-վերադարձի,-Մեծամորի-ատոմակայանի-ու-«Սպուտնիկ-v»-ի-մասին

Պուտինի և Փաշինյանի հանդիպումը նոր հույսեր էր արթնացրել Ադրբեջանում գտնվող հայ գերու հարազատների մոտ…

Հայկական կողմը ռուսական կողմի միջնորդությամբ ակտիվ ջանքեր է գործադրում գերիներին վերադարձնելու համար, «Ազատության» հետ զրույցում փոխանցել էր գերիների հարցերով զբաղվող իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Նա հատկապես կարևորել էր Մոսկվայում այս հարցով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը. «Շատ կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի և Հայաստանի վարչապետի մոտեցումները միանշանակ են այս հարցում, և այժմ էլ ու հենց այսօր էլ գործուն ջանքեր են ներդրվում մեր հայրենակիցների հայրենադարձությունն ապահովելու համար»:Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Փաշինյանը կրկին բարձրացրեց գերիների հարցը և ընդգծել՝ այս խնդիրը մինչ օրս չի կարգավորվել։ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հիշատակել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հայտարարության 8-րդ կետը, որով կողմերը պայմանավորվել են կատարել ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի փոխանցմամբ, հայկական կողմը ՄԻԵԴ է ուղարկել 250 անձի վերաբերյալ դիմումներ: 230-ի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանը կիրառել է միջանկյալ միջոց և հաշվի առնելով անցած ամիսներին վերադարձածներին՝ այժմ ՄԻԵԴ-ի ուշադրության ներքո է 183 անձի գործ։ Սրանցից միայն 72-ի մասին է, որ Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել Ստրասբուրգ՝ պարզաբանելով, որ այդ անձինք գտնվում են իր տարածքում։ Նրանց մեջ են նաև եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված պահեստազորայինները։Ընդհանուր առմամբ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։Ռուսական մամուլն անդրադարձել է Հայաստանի վարչապետի այցին Մոսկվա: Մի շարք հեղինակավոր պարբերականներ ծավալուն հոդվածներ են հրապարակել: Հղում անելով Փաշինյանի երեկվա խոսքին հայ իրավաբանների հետ մոսկովյան հավաքի ժամանակ՝ ռուսական մամուլը գրել է, որ Հայաստանի վարչապետը գոհ է մնացել Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից, թեև որևէ փաստաթուղթ այդ բանակցությունների արդյունքում չի ստորագրվել:Հիշեցնենք՝ երեկ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում ունեցած բանակցություններից և ճաշից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր մոսկվայաբնակ հայ իրավաբանների հետ: Իր խոսքում Փաշինյանը, մասնավորապես, ասել էր. «Մենք քիչ առաջ ավարտեցինք ՌԴ նախագահի հետ մեր հանդիպումը, բանակցությունները: 3,5 ժամվա ընթացքում մենք գործնականում օրակարգի բոլոր հարցերը և նրբությունները կարողացանք քննարկել, և կարող եմ ասել, որ շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից: Ընդհանուր առմամբ, իհարկե, կարող եմ ասել, որ Ռուսաստանի նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատված, և մանավանդ վերջին ամիսներին այդ հարաբերությունն իրենց բնույթով ավելի անմիջական են դարձել»:Սրա հետ մեկտեղ ռուսական մամուլը նկատում է, որ հայ գերիների վերադարձի հարցում լուրջ առաջխաղացում չկա այս պահին, փոխարենը Մոսկվան խոստացել է Հայաստանին տրամադրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն այն քանակով, ինչքան որ անհրաժեշտ է Հայաստանին:Ակնհայտ է մեկ բան՝ Մոսկվան մեծ ուշադրությամբ հետևում է ոչ միայն Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացներին, այլ նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: «Կոմերսանտ»-ն, արձանագրելով, որ վերջին օրերին Պուտինը շփվել է և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է. «Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանում ներքաղաքական պայքարի առանցքային մասնակիցների և ոչ միայն նրանց հետ խոսում են Ռուսաստանի Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ մեծ ուշադրության մասին: Կրեմլի համար կարևոր է ոչ միայն պահպանել խաղաղությունը և ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում, այլև սկսել հակամարտության տարածաշրջանի տնտեսական վերակենդանացման գործընթացը: Խոսքը տրանսպորտային հաղորդակցություն, ապաշրջափակման և տնտեսական կապերի մասին է»:Ռուսական պարբերականը պատահական չի համարում այն, որ մինչև Փաշինյան-Պուտին մոսկովյան բանակցությունները, կարճվել է սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական գործը: «Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ «Կրեմլը մի քանի անգամ պարոն Փաշինյանին հասկացրել է, որ չարժե հետապնդել նախկին նախագահին, բայց մինչ անցած շաբաթ այդ խնդրանքներն անտեսվում էին»:Մեկ այլ ռուսական հեղինակավոր պարբերական՝ «Վեդոմոստի»-ն նույնպես անդրադարձել է Պուտին-Փաշինյան բանակցություններին և առանձնացրել բանակցություններին Փաշինյանի առաջարկը՝ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Պարբերականը նշում է, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1977-ին և նախատեսված է, որ այն կարող է աշխատել մինչև 2026 թվականը: «Վերջին տարիներին կայանում անցկացվել են 300 միլիոն դոլար արժողությամբ արդիականացման աշխատանքներ, ինչը թույլ կտա, որ Մեծամորի ատոմակայանն աշխատի մինչև նախատեսված ժամկետը, ինչպես նաև կավելացնի ատոմակայանի հզորությունն ու անվտանգությունը», — գրում է «Վեդոմոստի»-ն՝ հավելելով, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը կարժենա 5 միլիարդ դոլար:Մետաքսյա Շալունց